Արցախը 212 օր է շրջափակման մեջ է։
Ադրբեջանը 26 օր է արգելափակել է բոլոր տեսակի բեռների և հումանիտար փոխադրումները դեպի Արցախ։
Հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվեց։ Այնուհետև Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ Հայաստան-Արցախ գազատարի միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը կրկին փակել է խողովակի վրա եղած փականը:
Ավելի ուշ հայտնեցին, որ ադրբեջանական կողմը կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը։
«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ։
Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։
Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։
Արդեն 212 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։
Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:
Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»: