Որքա՞ն տուգանք է սահմանված համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու համար

Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը՝ պատժվում է տուգանքով՝ 200 000 ՀՀ դրամից մինչև 400 000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդվածի առաջին մասում նշված տեղեկատվությունը հանձնելուն հարկադրելը՝ անձի կամ նրա մերձավորի մասին նշավակող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև այնպիսի տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, որոնք տուժողը ցանկանում է գաղտնի պահել կամ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի կամ այն անձանց գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որոնց տնօրինության կամ պաշտպանության տակ են գտնվում այդ տեղեկությունները` պատժվում է տուգանքով՝ 400 000 ՀՀ դրամից մինչև 800 000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝
1) զուգորդվել են անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելով,
2) կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) տուժողին պատճառել են զգալի վնաս,
4) կատարվել են առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

Հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) զուգորդվել են առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելով կամ առաջացրել են այլ ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել