Եվգենի Պրիգոժինը հայտարարություն է տարածել ու նոր մանրամասներ հայտնել տեղի ունեցածից

«Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը նոր ձայնային հաղորդագրություն է թողել տելեգրամյան իր ալիքում։ Նա հայտարարել է, թե խարդավանքների և չմտածված որոշումների արդյունքում զինված խմբավորումը պետք է դադարեր գոյություն ունենալ 2023 թվականի հուլիսի 1-ից և դա է եղել իրենց «խռովություն» բարձրացնելու պատճառը։

«Հրամանատարների խորհուրդը հավաքվեց և որոշեց, որ կազմակերպությունը պայմանագիր չի կնքի ՌԴ ՊՆ-ի հետ, քանի որ դա կհանգեցնի մարտունակության ամբողջական կորստի: Այն մարտիկները, ովքեր պատրաստ էին տեղափոխվել ՊՆ՝ տեղափոխվել են․ նրանք 1-2% են կազմում»,-հայտնել է նա։

Պրիգոժինի խոսքով՝ նրանք կտրականապես դեմ էին նրան, ինչ ուզում էր անել Պաշտպանության նախարարությունը։ Ըստ նրա, հունիսի 30-ին շարասյունով պատրաստվում էին մեկնել Ռոստով և Հյուսիսային ռազմական օկրուգի շտաբի մոտ հանձնել ռազմական տեխնիկան։

«Չնայած նրան, որ մենք ագրեսիա չենք ցուցաբերել, մեզ հրթիռային հարված են հասցրել, և դրանից հետո ուղղաթիռներն աշխատել են։ Զոհվել է մոտ 30 մարդ, «Վագներ»-ի մարտիկներ։ Հրամանատարների խորհուրդը որոշել է, որ մենք անմիջապես պետք է շարժվենք։ Ամբողջ երթի ընթացքում, որը տևել է 24 ժամ, հողի վրա ոչ մի զինվոր չի զոհվել։ Մենք ցավում ենք, որ մեզ ստիպել են հարվածներ հասցնել օդային օբյեկտներին։ Բայց այդ զենքերը ռումբեր էին նետում, օդային հարվածներ էին հասցնում»,-նշել է նա։

Ըստ «Վագների» ղեկավարի՝ մեկ օրվա ընթացքում նրանք 780 կիլոմետր են անցել և 200 կիլոմետր էր մնացել մինչև Մոսկվա․ «Մենք կանգ առանք մի պահ, երբ ակնհայտ էր, որ շատ արյուն է թափվելու։ Մենք զգացինք, որ բավական է ցույց տալ, թե ինչ ենք պատրաստվում անել։ Մենք չէինք ուզում ռուսական արյուն թափել. մենք գնացել ենք մեր բողոքը ցույց տալու, ոչ թե երկրում իշխանությունը տապալելու»։

Պրիգոժինի խոսքով՝ այդ ժամանակ Լուկաշենկոն ձեռք է մեկնել և առաջարկել լուծումներ գտնել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել