Շնորհակալություն ենք հայտնում նաև ԱՄՆ մեր բարեկամներին․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումների կապակցությամբ․

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումները, որոնք կազմակերպվել են հունիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում: Խորը երախտագիտություն ենք հայտնում լսումների բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ կոնգրեսականներ Քրիս Սմիթին, Ջեյմս ՄըքԳավերնին, Ադամ Շիֆին, Ֆրենք Փալլոնին, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին` Ադրբեջանի անօրինական և ռազմատենչ նկրտումների մասին տեղեկացվածության բարձրացմանն ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար: Առանձին ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ԱՄՆ կոնգրեսականներն իրենց ելույթներում կոչ են արել ԱՄՆ ղեկավարությանը գործադրել բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, կանխելու հետագա լարվածությունը, ինչը կարող է հանգեցնել նոր պատերազմների ու նոր հանցագործությունների։

Համոզված ենք, որ նման ձևաչափով լսումների անցկացումը կարևոր քայլ է և՛ քաղաքական, և՛ բարոյական տեսանկյուններից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական և ռազմատենչ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր ու սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի և հայոց պետականության, այլ նաև՝ տարածաշրջանային կայունության և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի համար։

Շնորհակալություն ենք հայտնում նաև ԱՄՆ մեր բարեկամներին՝ անսասան և սկզբունքային դիրքորոշման համար, ինչպես նաև հույս հայտնում, որ նման լսումների անցկացումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման նախօրեին կարևոր ազդակ կարող է դառնալ Արցախի ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման և անվտանգային ու հումանիտար բնագավառներում առկա մարտահրավերների հաղթահարման համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել