Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս ռազմական դրության ժամանակ ռեժիմը խախտելու համար քաղաքացիներին 30 օրով վարչական կալանքի տակ պահել։
Փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական կայքում։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Օրենքի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 3.9-րդ հոդվածի 1-ին մասը («Վարչական կալանք») ենթակա է փոփոխման, որը «արտակարգ դրություն» բառերից հետո լրացվում է «ռազմական դրություն» բառերով։ Բացի այդ, ավելացվել է 20.51 հոդվածը («Ռազմական դրության խախտում»):
«Ռազմական դրության մասին» օրենքով, ինչպես նաև այլ դաշնային օրենքներով և կանոնակարգերով սահմանված նորմերին չհամապատասխանելու համար կկիրառվի տուգանք մինչև 1000 ռուբլի կամ վարչական կալանք մինչև 30 օր ժամկետով: Այս կետը կիրառվում է, եթե իրավախախտումները չեն պարունակում քրեական հանցագործություն:
Նմանատիպ իրավախախտման համար պաշտոնյաների համար տուգանքը կարող է աճել մինչև 2000 ռուբլի: Եթե խախտումը կատարվել է տրանսպորտի օգտագործմամբ, ապա լրացուցիչ պատիժ կարող է լինել դրա բռնագրավումը։
Ավելի վաղ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է ռազմական դրության շրջաններում ընտրությունների անցկացման կարգը կարգավորող օրենք և փոփոխություններ։