Կառավարության նիստի ընթացքում այսօր՝ հունիսի 22-ին, նախագծերի փաթեթ ընդունվեց, որը պետք է կարգավորի օնլայն տաքսիների ոլորտը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ բարեփոխումը կարևոր է, և հիշեցրեց, թե երբ է առաջացել ոլորտում օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:
Առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակներով ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը՝ որպես ծանուցման ենթակա գործունեություն:
Նախատեսվում է սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության համար պետական տուրք տարեկան 1 միլիոն դրամի չափով: Լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր՝ պետական տուրք, և՛ անկանխիկի դեպքում, և՛ կանխիկի դեպքում երկու աղյուսակ ունենք: Անկանխիկի դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից՝ 1,5 տոկոս, 2025-ին՝ 2,5, 2026-ին՝ 4 տոկոս, իսկ կանխիկի դեպքում տոկոսներն ավելի բարձր են՝ 2, 2,5, 5։
«Մենք տեսնում էինք շուկայում ակնհայտ միտումներ, որ տաքսի ծառայությունների էլեկտրոնային հարթակները մեծ տեմպերով աճում էին, և այն ժամանակ մեր ընկալումը, մեր հեռահար նպատակն այն էր, որ, այսպես ասած, «անհատ տաքսիների հետևից չգնանք», այլ գնանք պլատֆորմների հետևից, որոնք ապահովում են աշխատանք»,- ասաց նա, ապա պարզաբանեց. «Երբ տեսնում ենք մի տաքսու վարորդի հետևից գնալու պարագայում նրա, ենթադրենք, 10 հազար դրամ տուրքը գանձելու համար կարող է մենք ծախսում ենք 15 հազար կամ 9800 կամ 10700 դրամ՝ զուտ վարչարակական ծախսերի առումով, և այսպես սիզիփոսյան աշխատանքի տպավորություն էր գործում: Եվ մենք շատ բարդ քննարկումներով եկել ենք, այս եզրակացությանն ենք հանգել»։
Մանրամասները՝ տեսանյութում։