Գործադիրը հավանություն է տվել ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ուղևորափոխադրումների ոլորտում առկա օրենսդրական բացերը լրացնելու և անօրինական փոխադրումները կանխարգելելու նպատակով։
Ըստ հիմնավորման՝ ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրական կարգավորում չունի։ Բազմաթիվ վարորդներ իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով իրականացնում են ուղևորափոխադրումներ, որոնք չեն վերահսկվում և չեն հարկվում։ Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով ուղևորափոխադրման սակագները, սահմանում են փոխադրման պահանջներ։
Փաստացի օնլայն հարթակները ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններ են, ընդ որում՝ գործունեությունն իրականացնում են առանց օրենսդրական կարգավորման։ Ոլորտում գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով։ Փաստացի ստեղծվել է անհավասար մրցակցային պայմաններ տաքսի ուղևորափոխադրումների ոլորտում գործունեություն իրականացնողների համար, ինչը նպաստում է անօրինական փոխադրումների կազմակերպմանը: Արդյունքում տուժում են օրինական դաշտում աշխատող փոխադրողները: Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցելու և փոխանցելու գործունեությունը սահմանել ծանուցման ենթակա գործունեություն։
Հաշվի առնելով ոլորտում անհատ վարորդների մեծ ներգրավվածությունը, որոնք որևէ հարկային պարտավորություն չունեն և անհավասար մրցակցային պայմաններում են գտնվում ոլորտում օրինական գործունեություն իրականացնողների նկատմամբ՝ անհրաժեշտ է հարկային պարտավորություններ սահմանել տնտեսական գործունեություն իրականացնողների համար, կիրառելով նոր մեխանիզմներ և ապահովել օրինական ուղևորափոխադրող կազմակերպությունների համար բարենպաստ մրցակցային միջավայրը։ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար սահմանել պետական տուրք յուրաքանչյուր փոխադրման դեպքում, ինչպես նաև պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: Սահմանվում են կարգավորումների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցները:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախատեսվում է նաև հանել միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների պետական տուրք տալու պահանջը. «Կանոնավոր ուղևորափոխադրումների միասնական երթուղային ցանցի գործընթացն ավելի արագացնելու ու զարգացնելու, ոլորտը ներդրումային առումով ավելի գրավիչ դարձնելու համար միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների համար առաջարկում ենք հարկային բեռը թեթևացնել և հանել միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների պետական տուրք տալու պահանջը»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծերով նախատեսվող բարեփոխումների իրականացումը և այդ համատեքստում անդրադարձել արդեն իսկ կայացած որոշումներին. «Առաջինը՝ մենք դե յուրե որոշում կայացրեցինք օդանավակայանի տաքսի ծառայությունների վերաբերյալ, հիմա մենք այնտեղ պետք է ունենանք որոշակի ստանդարտի համապատասխանող տաքսի ծառայություններ: Հաջորդը՝ մենք Երևանի քաղաքապետարանի միջոցով ավտոբուսային երթուղի հիմնադրեցինք օդանավակայանից դեպի Երևան, և երկուսն էլ շատ կարևոր հարցեր են, այդ թվում՝ մեր երկրի իմիջի տեսակետից:
Օդանավակայանում համարյա քաշքշոցիի հասնող տաքսիստների որսը ուղևորների համար անընդունելի է, և այստեղ ես ակնկալում եմ, որ սկզբունքային աշխատանք կիրականացվի: Մենք պետք է այդ սկզբունքը պահենք՝ չափանիշներին չհամապատասխանող տաքսի ծառայություններին չպետք է թույլ տանք ուղևորափոխադրում իրականացնել օդանավակայանից»:
Վարչապետը նշել է նաև, որ տաքսիների հետ կապված էլ կանխիկի շրջանառությունը պետք է կրճատել և միջնաժամկետում վերացնել: «Հիմա աշխարհում դա ընդունված է, որ տաքսիներում նաև պոս-տերմինալներ են տեղադրվում: Իհարկե, հիմա էլ անկանխիկ սմարթֆոնների հավելվածներով վճարելու հնարավորությունը կա, բայց սա էլ պետք է մեր հեռանկարում լինի: Այդ հարցում պետք է նաև շահառուներին օգնությանը դիմենք: Օրինակ՝ շահառուներին պետք է տանք իրավունքներ, որ եթե նրանք քարտով են երթևեկում, կանխիկ դրամ չունեն և եթե տաքսիներում չկա անկանխիկ վճարելու հնարավորություն, մենք պետք է իրենց որոշակի հնարավորություններ տանք: Դա, մեծ հաշվով, շահառուի պարտավորությունը պետք է չլինի, որ ինքը կանխիկ կամ էլեկտրոնային դրամ ունենա, այլ ծառայությունը մատուցողի պարտավորությունը պետք է լինի: Եթե չկա այդ ծառայությունը, ուրեմն շահառուին պետք է տանք իրավունք դե յուրե չվճարելու»,-ասաց նա:
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկել բոլոր տարբերակները և անել հնարավորը, որպեսզի համակարգը սեպտեմբերի 1-ից լիարժեք գործի: