Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունիսի 14-ին, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրան փոխկապակցված ևս 16 անձանցից ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից, նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևան քաղաքում, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Կոտայքի մարզ, Արզական համայնքում, 6-ը՝ Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնքում, 6-ը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնքում, 3-ը Կոտայքի մարզ Մեղրաձոր համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Մարմարաշեն համայնքում, 1-ը Արարատի մարզ, Այնթապ համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Արևաբույր համայնքում.
- 4 ավտոմեքենա.
- 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր.
- շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ.
- ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով.
- 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար:
Iravaban.net-ը հայտնում է, որ նիստի ընթացքում որպես 3-րդ անձ ընդգրկված, ՌԴ-ում գործող «Կարտոն Ուպակ» ընկերության ներկայացուցիչ Իլոնա Միրզոյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել, քանի որ ընկերությունը գործով ներգրավելու որոշումը ստացել է հունիսի 2-ին։
Փաստաբանը խնդրեց նիստը հետաձգել, որպեսզի ինքը կարողանա ծանոթանալ գործի նյութերին։ Դատավորը բավարարեց ներկայացված միջնորդությունը։
Նշենք նաև, որ նախորդ նիստին պատասխանող, Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանի փաստաբանը գործը քննող դատավորին բացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Փաստաբանը կասկածի տակ էր դրել դատավորի անաչառությունը։
Այսօր տեղեկացանք, որ Կարապետ Բադալյանը մերժել է ներկայացված միջնորդությունը։