Տղամարդը քաշքշել և ձեռքով հարվածել է ոստիկանի կրծքավանդակին, մեկ այլ անձ հայհոյանքներ է թույլ տվել պարեկային ծառայողների հասցեին, հարվածել

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում ավարտվել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների ծառայողական գործունեությանը խոչընդոտելու մի քանի դեպքերի նախաքննությունը: 

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Մասնավորապես` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2023թ հունվարի 11-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները նկատել են, որ BMW մակնիշի ավտոմեքենան առանց լուսաթարթիչը միացնելու շրջադարձ է կատարել՝ թույլ տալով ՃԵ կանոնների  խախտում: Ոստիկանները, ծառայողական ավտոմեքենայով, լուսաձայնային ազդանշան տալով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան, վարորդից պահանջել փաստաթղթերը՝ միաժամանակ պարզաբանելով, որ ավտոմեքենան կանգնեցնելու մասին հրահանգ ստանալիս անհրաժեշտ է նույն պահին կանգնեցնել և չշարունակել երթևեկելը: 

Ի պատասխան պարեկների պարզաբանմանը՝ վարորդը՝ 36-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է դրսևորել ագրեսիվ վարքագիծ։ Նա ավտոմեքենան կանգնեցնելու հարցի շուրջ վիճաբանել է ոստիկանության ծառայողների հետ, ապա, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ ագրեսիվ վարքագիծ չցուցաբերելու օրինական պահանջներին և ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել նրանց հասցեին՝ սպառնալով հարվածել։ Ապա նա քաշքշել և ձեռքով հարվածել է ոստիկանի կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և միայն  ոստիկանների կողմից հատուկ միջոց կիրառելու արդյունքում է հնարավոր դարձել կանխել վարորդի հակաիրավական գործողությունները: 

36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

Քննչական նույն բաժնում մեկ այլ վարույթով կատարված քննությամբ էլ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկային գումարտակի երկու ծառայողներ, 2022թ հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելիս, ակումբի դիմաց նկատել են, որ մի խումբ անձինք աղմկում են: Պարզաբանումներ ստանալու նպատակով մոտեցել են, որի ժամանակ հավաքվածներից մեկը՝ Երևան քաղաքի 24-ամյա բնակիչը, չենթարկվելով ոստիկանության ծառայողների՝ հանգիստ վարքագիծ դրսևորելու ու պարզաբանումներ տալու օրինական պահանջներին, իրավապահների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել վերջիններիս հասցեին՝ սպառնալով մոտենալու դեպքում դանակով հարվածել: Ոստիկանության ծառայողների բազմաթիվ հորդորների և հակաիրավական գործողությունները դադարեցնելու կոչերի արդյունքում երիտասարդը, դանակը գցելով գետնին, դիմել է փախուստի, սակայն ոստիկանության ծառայողներին հաջողվել է վերջինիս բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Իսկ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2023թ. մայիսի 15-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի 39-ամյա բնակիչը Քասախի կիրճում գտնվող «Ծիծեռնակ» ռեստորանային համալիրի դիմաց վիճաբանել է ՀՀ ՆԳՆ ՊԾ Արագածոտնի մարզի երկու ծառայողների հետ, իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերել շրջապատի նկատմամբ։ Իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված՝ հայհոյախառն և ստորացուցիչ արտահայտություններ է թույլ տվել պարեկային ծառայողների հասցեին, քաշքշել է նրանց, որի ընթացքում հարվածել է ոստիկաններից մեկի կրծքավանդակի և ճակատի հատվածներին, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք, պոկվել է համազգեստին ամրացված տեսախցիկը։ Ապա 39-ամյա բնակիչը փորձել է դիմել փախուստի, սակայն Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված անհրաժեշտ գործողությունների արդյունքում օրինազանց քաղաքացու գործողությունները հնարավոր է եղել կանխել:

Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշված 3 քրեական դեպքերի նախաքննությունն ավարտվել է և վարույթների նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել