Հունիսի 5-ը Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է

Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, ով Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում, փոխանցում է Qahana.am-ը։

Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, ով անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Ս. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Ս. Խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը:

Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Ս. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում:

Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո 13-ամյա բանտարկությունից ազատ էր արձակվել Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով կոչված էր Քրիստոսի լույսը տարածել հայոց աշխարհում:Հայ Առաքելական եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Ս. Հռիփսիմյան և Ս. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել