Հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի՝ հանդիպումից հետո արված հայտարարությանը։
Հիշեցնենք, որ հանդիպումից հետո Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել զերծ մնալ թշնամական ցանկացած հռետորաբանությունից և շեշտել խաղաղության վերադարձի ուղղությամբ ջանքերը շարունակելու կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։
«Հետո հանդիպման մասին Ֆրանսիայի նախագահի կողմից միակողմանի արված հայտարարությունը չի արտացոլում և խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։ Ցավոք սրտի, սա Ֆրանսիայի կողմից նման պահվածքի առաջին դեպքը չէ, և սա դրական ազդեցություն չի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։