Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ, այն քննարկվում է, այդ թվում՝ միջնորդների ներգրավմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի լուծման, առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության իրավիճակի ընդհանուր բարելավման, դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով»,-ասել է Լավրովը։
Նա նշել է, որ մի շարք հոդվածներով, որոնք այսօր քննարկվել են, հնարավոր է եղել երկու կողմերի փոխըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին։
Լավրովն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպումից հետո կհայտնեն, թե ինչ արդյունքի են հասել։