Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ մայիսի 18-ին թունավորված վիճակում Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզի մի քանի սան տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Նույն օրը երեկոյան նաև Արտաշատի Բ/Կ-ից է հաղորդում ստացվել, որ սննդային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել թվով 14 երեխաներ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Պարզվել է, որ երեխաները բուժհաստատություն հիմնականում սկսել են տեղափոխվել նույն օրը՝ ժամը 15:30-ից սկսած, մանկապարտեզից տուն վերադառնալուց հետո։
Դեպքի առթիվ մայիսի 19-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները, երեխաների թունավորման պատճառները, բնույթը, եղանակը պարզելու ուղղությամբ։
Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզից վերցվել են սննդի և ջրի նմուշներ, սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները:
Նշանակվել է դատասննդային, դատանյութագիտական և դատաբժշկական համալիր փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիվանադանոց տեղափոխված երեխաների վիճակը, նախնական տվյալներով, բավարար է, նրանցից մի քանիսն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից։