Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր`մայիսի 18-ին, կառավարության նիստին մանրամասներ ներկայացրեց Բրյուսելում՝ իր, Շառլ Միշելի ու Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ։
«Մայիսի 14-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ իմ հանդիպումն Ադրբեջանի ղեկավարի հետ: Ինչպես հիշում եք, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահն ու ես վերահաստատել էինք մեր երկրների հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին՝ ընդգծելով, որ դրանց հիման վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նաև հաստատել էինք, որ սա հիմք է հանդիսանալու սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքի համար:
Մայիսի 14-ին մենք, ըստ էության, կատարեցինք ևս մի քայլ, և ինչպես նշված է Եվրոպական խորհրդի նախագահի՝ մայիսի 14-ի հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետր, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը:
Պիտի արձանագրեմ, որ սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես: Բայց, իհարկե, հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ և նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումը և համաձայնեցումը:
Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Եվրոպական խորհրդի նախագահի՝ մայիսի 14-ի եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկկխոսության կարևորությունը` միջազգային հանրության հետ համագործակցված: Սա մի գործընթաց է, որն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական և համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար: Հետևաբար՝ դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Արդբեջանի միջև:
Պիտի ընդգծեմ, որ Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել նաև Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով, բայց հաշվի առնելով նախկին փորձը, այս մասով դեռ որևէ կոնկրետացումից ձեռնպահ կմնամ», – նշեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում