Կսահմանվեն զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափն ու արդյունքներիի հիման վրա հավելավճարների նոր չափերը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություն և 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափ և ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների նոր չափեր, ինչպես նաև հստակեցվում է օրենքով սահմանված դեպքերում իրականացված նոր ատեստավորման արդյունքներով զինծառայողին համապատասխան չափով հավելավճարի հաշվարկման կարգը:

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ զինծառայողների ատեստավորման գործընթացի կազմակերպման շրջանակներում առաջին ատեստավորումը նախատեսվում է անցկացնել ս.թ. հունիս ամսվա ընթացքում, միաժամանակ իրականացվում են համապատասխան զինծառայողների ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի բարձրացման ինտենսիվ աշխատանքներ, որոնց ընթացքում զինծառայողների հետ տեղի ունեցած քննարկումները և պատրաստության աստիճանի նախնական գնահատումների արդյունքներն ակնհայտ են դարձրել, որ ատեստավորման համակարգի ներդրման և հետագա կենսագոյության համար անհրաժեշտ է ունենալ գնահատման տարբերակված արդյունքներին համապատասխանող հավելավճարների չափեր՝ հավելավճար նախատեսելով նաև «բավարար» գնահատական ստացած զինծառայողների համար, ինչպես նաև տարանջատելով «լավ» կամ «գերազանց» գնահատական ստացած զինծառայողների հավելավճարների չափերը:

Այդ նպատակով, առաջարկվում է կարգում ուղղակի սահմանել «ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացության կայացման դեպքը, հստակեցնել թեստավորման արդյունքներով «գերազանց» կամ «լավ» կամ «բավարար» գնահատելու պայմանները, քանի որ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատումն իրականացվում է ՀՀ զինված ուժերում գործող նորմատիվների համաձայն (կարգի 17-րդ կետ), ինչպես նաև հավելավճարի համապատասխան չափի հստակեցման նպատակով սահմանել «գերազանց» կամ «լավ» կամ «բավարար» գնահատելու պայմանները:

Ըստ այդմ, առաջարկվում է նաև «գերազանց» գնահատական ստացած զինծառայողների հավելավճարների չափերն սահմանել գործող չափերից 50,000 դրամով ավելի, իսկ «բավարար» գնահատական ստացած զինծառայողների համար հավելավճարներ՝ գործող չափերի 55-60 տոկոսի սահմաններում:

Նշված ձևաչափով գնահատման և հավելավճարների չափեր սահմանելու դեպքում անհրաժեշտություն է առաջանում կարգավորել նաև այն դեպքերը, երբ օրենքով սահմանված կամավոր կամ պարտադիր ատեստավորման հիման վրա համապատասխան չափով հավելավճար ստացող և օրենքով սահմանված դեպքերում (բարձր պաշտոնի նշանակման կամ 3 տարին մեկ անգամ պարտադիր ատեստավորման դեպքում) իրականացված նոր ատեստավորման արդյունքներով զինծառայողի նկատմամբ կայացվում է «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն, և զինծառայողի գնահատականը տարբերվում է (բարձր կամ ցածր է) նախկին ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականից, որի պարագայում առաջարկվում է հավելավճարի հաշվարկումը շարունակել իրականացված նոր ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականի համար նախատեսված չափով:

Այսպիսով, ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին» N 162-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 37-րդ կետը կշարադրվի հետևյալ խմբագրությամբ.

«37. Ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական: Ատեստավորման արդյունքներով «ենթակա է հաշվարկվելու հավելավճար» կամ «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճաններից ու մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից զինծառայողը ստացել է «բավարար» կամ «լավ» կամ «գերազանց» գնահատական: Ընդ որում, զինծառայողը՝

1) մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային առաջադրանքների առնվազն 21 հարցի սխալ պատասխանելու դեպքում ստանում է «անբավարար», 30-ից մինչև 34-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ «բավարար», 35-ից մինչև 44-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ «լավ», իսկ 45 և ավելի հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ «գերազանց» գնահատական.

2) գնահատվում է «գերազանց»՝ եթե ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճաններից ու մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է միայն «գերազանց» գնահատական.

3) գնահատվում է «լավ»՝ եթե ֆիզիկական կամ կրակային կամ շարային պատրաստության աստիճաններից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից թեկուզև մեկից ստացել է «լավ» գնահատական, իսկ մնացածներից ստացել է «գերազանց» գնահատական.

4) գնահատվում է «բավարար»՝ եթե ֆիզիկական կամ կրակային կամ շարային պատրաստության աստիճաններից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից թեկուզև մեկից ստացել է «բավարար» գնահատական, իսկ մնացածներից ստացել է «գերազանց» կամ «լավ» գնահատական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել