Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավարում՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր՝ ապրիլի 21-ին, շարունակվեց Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական քննությունը։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի և ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով 27 տուժողներից 2-ը։
Ըստ տուժող Նելլի Հարությունյանի՝ ապրիլի 22-ին ինքն իմացել է Հանրապետության հրապարակում հրավիրված հավաքի մասին և գնացել այնտեղ։ Այդ օրը նախատեսված է եղել Նիկոլ Փաշինյանի և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ «Մարիոթ» հյուրանոցում։ Հանդիպման ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը և ցուցարարները երթով Տիգրան Մեծի պողոտայով շարժվել են դեպի Արցախի պողոտա, որտեղ նկատել են կուտակված ոստիկանական ուժերը։ Տուժողի խոսքով՝ ապագա վարչապետը մոտեցել է ոստիկաններին, որպեսզի հարցնի՝ ինչ համար են կանգնեցրել երթի մասնակիցներին․ «Հետո ոստիկանները Փաշինյանին փորձում էին տանել, այդ պահին մարդիկ սկսեցին աղմուկով, բղավոցներով արձագանքել դրան ու մոտենում էր դեպի ոստիկանական պատը։ Մոտ 10-15 րոպե հետո սկսվեցին պայթյունները»։
Մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանի հարցերին ի պատասխան Նելլի Հարությունյանը նշեց, որ մարդիկ փորձում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկելը, ինչի ընթացքում էլ հնչեցին պայթյունները։ Նա չի նկատել, որ ինչ-որ մեկը փորձեր ոստիկանների ուղղությամբ իր նետել։ Տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ վնասվածք է ստացել նաև ինքը. «Ես ինքս չեմ հիշում, բայց տեսանյութը դիտելուց նկատել եմ, որ մի ոստիկան է վիրավորվելուց հետո ինձ հանել մայթ»։
Վիրավորվելուց ու ոստիկանի կողմից մայթ տեղափոխվելուց հետո նա այնտեղ է մնացել, մինչև ցուցարարները չեն ցրվել, այնուհետև բուժօգնություն է ստացել Արցախի փողոցի հարևանությամբ գտնվող «Մեդլայն» կլինիկայում։
Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հարց ուղղելիս հայտնեց, որ տուժողը ցույցերին որպես Հելսինկյան կոմիտե դիտորդ է մասնակցել։ Նա հարցրեց նրան, թե քանի պայթյունի ձայն է լսել, սակայն Նելլի Հարությունյանը չէր հիշում։ Փաստաբանը խնդրեց տուժողին նկարագրել ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները․ «Սահմանադրական դատարանից մի փոքր ներքև ոստիկանական զորքերն էին կանգնել։ Երբ ժողովուրդը մոտեցավ ոստիկաններին, այդ պահին հրմշտոց սկսվեց։ Մարդիկ բորբոքված էին, փորձում էին բարձրանալ դեպի Ազգային ժողով»։
Նա նշեց, որ ճանապարհին «Նիվա» մակնիշի ավտոմեքենա էր կանգնած, որի մոտով փշալար անցկացրին։ Այդ ժամանակ Նելլի Հարությունյանը տարօրինակ ձայներ, բղավոցներ է լսել, ինչից հետո պայթյուն է որոտացել։ Նա հիշում է, որ առաջին պայթուցիկը ոստիկանների վրա է ընկել։ Նա տեղի ունեցած 2 ցույցերն էլ խաղաղ բնութագրեց։
Նելլի Հարությունյանի խոսքով՝ ցույցերին նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ են մասնակցել․ «Քանի որ շատ եմ մասնակցում ցույցերի, եղել է, որ տեսել եմ։ Ապրիլի 16-ին էլ Բաղրամյան պողոտայում քաղաքացիական հագուստով ոստիկաններ կային, սակայն քաշքշոց, իրեր նետել չեմ տեսել»։
Տիգրան Սաֆարյանը հետաքրքվեց՝ ցույցերի վերաբերյալ հրապարակված զեկույցները հրապարակվե՞լ են։ Տուժողը դրական պատասխան տվեց․ «Տեղի ունեցածը որակվել է որպես ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ ուժ»։
Նելլի Հարությունյանը նշեց, որ չի տեսել, թե ինչպես են մարդիկ «Նիվան» հրել դեպի ոստիկանական պատը, սակայն տեսել է, որ մարդ կա կանգնած մեքենայի վրա։ Ըստ նրա՝ ոստիկանները 2 անգամ զգուշացրել են, որպեսզի ցուցարարները ցրվեն, լքեն տարածքը, քանի որ երթն «անթույլատրելի է»․ «Հատուկ միջոցներ կիրառելու մասին նախազգուշացում արվել է, սակայն ցածր ձայնով, որը չէին կարող բոլոր ցուցարարները լսել։ Ես, քանի որ դիտորդ էի ու բարձրացել էր պատի վրա, դա տես, լսեցի»։
Նա նշեց, որ ականատես է եղել նաև Նիկոլ Փաշինյանի կողմից փշալարերը հաղթահարելու փորձին։ Մարդիկ փորձում էին վերջինիս օգնել, հագուստ էին գցում փշալարերի վրա, սակայն դա անարդյունք էր, քանի որ ոստիկանները թույլ չէին տալիս․ «Պայթյունից մի փոքր անց Ալեն Սիմոնյանը մոտեցավ ինձ, հավանաբար, ծանոթ դեմք տեսնելուց հենվեց վրաս, որ չընկնի ու ուշագնաց եղավ։ Ես էլ նրան պառկացրեցի մայթին»։
Նախագահող դատավոր Հարություն Մանուկյանի հարցերին ի պատասխան Նելլի Հարությունյանը հայտնեց, որ Արցախի փողոցի վրա տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Լևոն Երանոսյանին չի տեսել դեպքի վայրում, սակայն Բաղրամյան պողոտայում բարձր տեղ է կանգնած եղել, տեսել է նրան․ «Բարձրաստիճան պաշտոնյաներով կանգնած էին»։
Նա նշեց նաև, որ չի տեսել, թե ով է հրաման տվել, կամ ով է նետել պայթուցիկը։
Այնուհետև դատարանում հարցաքննվեց տուժող Զորիկ Մարտիրոսյանը, նա մասնակցել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցերին․ «Ոնց սաղ ազգն էր կայնած, ես էլ որպես ազգի մի մասնիկ, ազգի հետ գնացինք ցույցի»։
Նա նշեց, որ հիշում է, թե ինչպես էլ պայթյուններից հետո Սասուն Միքայելյանը փորձում մի մարդու հանել փշալարարի արանքից, ինքը գնաց, որ օգնի, մեկն իրենց կանգնեցրեց ու ասաց, որ իրեն էլ է օգնություն պետք․ «Ասեց՝ ոտքիցդ արյունը «չռումա»։ Մի ջահել տղա կար, ասաց հասկանում եմ գործից։ Բացեց, տեսավ, ասեց՝ էս հիվանդանոցի հարցա։ «Սկոռու» մեջ զգացի, շատ կներեք, մի հատ անհարմար տեղից ցավ, ծակոց։ Սպիռալի նման «ասկոլկա» էր»։
Մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանի հարցերին ի պատասխան Զորիկ Մարտիրոսյանը նշեց, որ միշտ էլ ցույցերին մասնակցել է։ Ըստ նրա՝ ինքը 3-րդ կամ 4-րդ պայթյունից հետո է վիրավորվել․ ««Բեսամթ» դող զգացի, թուլցան ոտերս, կանգնա, բռնվա ծառից ու կամաց-կամաց դողը թողեց»։
Նա նշեց, որ չի լսել, թե ինչպես են ոստիկանները զգուշացնում ներկաներին հատուկ միջոցներ կիրառելու մտադրության մասին։ Զորիկ Մարտիրոսյանը նույնպես նշեց, որ ցուցարարների շարքերում քաղաքացիական հագուստով ոստիկաններ կային։ Ոստիկանների նկատմամբ բռնության որևէ դեպք տուժողը չի նկատել․ ««Բրդոցի» միայն»։
Տիգրան Սաֆարյանը նշեց, որ ապացույցների հետազոտման փուլում դատարանում դիտվել են նաև դեպքի ժամանակ արված տեսաձայնագրությունները․ «Շատ դրվագներ կան, որտեղ ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրվում, տարբեր իրեր են նետում»։
Զորիկ Մարտիրոսյանի խոսքով՝ մարդիկ փորձել են ճեղքել պատնեշը, իրեր չեն նետել։ Տուժողի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանն իր հերթին նշեց, որ ոստիկանների հետ ընդհարումներ եղել են, սակայն ոստիկան ծեծելու դեպքեր չեն եղել․ «Պրովոկացիոն հարց է»։
Լևոն Երանոսյանի պաշտպանը պնդեց՝ նման դեպքեր են արձանագրվել դատարանում հետազոտված տեսանյութերում․ «Տեղ կա՝ խեղդող հնարք է կիրառվել, քարեր նետվել»։
Տուժողը նշեց նաև, որ պայթուցիկները ոստիկանների կողմից են եկել։
2-րդ տուժողի հարցաքննությունն ավարտելուց հետո դատավորը հայտնեց, որ 27 դատակոչված տուժողներից միայն 4-ին էլ լսել։ Այսօրվա նիստի ընթացքում դատարանը որոշեց պատշաճ ծանուցված, սակայն չներկայացած տուժողների բացակայությունը համարել անհարգելի․ «Եվ դա բավարար հիմք է, որպեսզի նրանց մասով կայացվեն բերման ենթարկելու մասին որոշումներ և ուղարկվեն ոստիկանության ստորաբաժանումներին՝ ի կատար ածելու նպատակով»։
Ալեքսանդր Սիրունյանն առաջարկեց, որպեսզի տուժողների բացակայության պայմաններում հարցաքննվի Լևոն Երանոսյանը, սակայն պաշտպանական կողմն առաջարկը չընդունեց։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 12-ին։
Եվգենյա Համբարձումյան