Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն այժմ ընթանում է երկու ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ հանդիպմանը, փոխանցում է Minval-ը։
Ընդգծելով, որ այդ կապակցությամբ Ադրբեջանն առաջարկել է հանդիպումներ կազմակերպել Բաքվում՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հետ անմիջական կապ հաստատելու համար, պետության ղեկավարն ասել է, որ դրա հետ կապված Ադրբեջանը հատուկ ներկայացուցիչ է նշանակել, և որ նրանք հրավիրվել են Բաքու՝ քննարկելու վերաինտեգրման և տարբեր ենթակառուցվածքների նախագծերը։
Ալիևը միաժամանակ ուշադրություն է հրավիրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են երկկողմ բանակցություններ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ։
Նշելով նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը՝ երկրի ղեկավարն ասել է, որ դա «միտումնավոր սադրանք էր Հայաստանի կողմից»։
Հիշեցնենք, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: