Գարեգին Նժդեհի կամուրջը, որը երևանցիներն անվանում են նաև «վստրեչի» կամուրջ, կապիտալ վերանորոգվում է:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Աշխատանքների ընթացքում բացահայտվել են նախորդ հիմնանորոգման բացթողումները, որոնք շտկելուց և նորոգման աշխատանքներն ավարտելուց հետո Էրեբունին և Շենգավիթը կապող կամուրջը կշարունակի հուսալի և ապահով ծառայել մեր քաղաքացիներին:
Չնայած նորոգման աշխատանքներն ի սկզբանե կազմակերպել էինք գիշերվա ժամերին՝ հետագա նորոգումը կշարունակենք օրվա առաջին կեսին՝ պահպանելով շրջակա բնակիչների երեկոյան անդորրը, իսկ երթևեկությունն այդ ընթացքում կշարունակի գործել երկու գոտիով»։
Քաղաքապետարանից հայտնում են, որ անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ շինարարական աշխատանքներ:
Ըստ այդմ, երկարաձգվել է շինարարության ժամկետը, ինչից ելնելով էլ կազմակերպվելու է նոր, ժամանակավոր երթևեկություն:
Աշխատանքների այս փուլում ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկ ուղղությունը: Տվյալ ուղղության երթևեկությունն իրականացվելու է մեկ երթևեկելի գոտիով՝ հանդիպակաց ուղղության հաշվին: Հաջորդ փուլում նույն մոտեցումը կկիրառվի հետադարձ ուղղությամբ:
Շինարարական աշխատանքի ավարտը՝ 01.06.23թ: