Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 29-ի N751-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է օտարերկրյա անձանց կողմից ՀՀ տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները փոխհատուցել միայն անկանխիկ եղանակով և այն դեպքում, երբ օտարերկրյա անձինք Հայաստանի Հանրապետությունից կմեկնեն օդանավով։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ խնդիրն այն է, որ հարկային մարմին պարբերաբար ստացվող օպերատիվ տվյալների համաձայն՝ որոշ օտարերկրյա անձինք գնում են ապրանքներ, մաքսային մարմին ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը և գնված ապրանքները, հետ են ստանում ԱԱՀ-ն, սակայն նշված ապրանքները փաստացի չեն արտահանվում Հայաստանի Հանրապետությունից կամ արտահանվելուց հետո մի քանի օրվա ընթացքում արտահանող անձի կամ այլ անձանց միջոցով հետ են վերադարձվում Հայաստանի Հանրապետություն, ինչը չի բխում օտարերկրյա անձանց ԱԱՀ-ն փոխհատուցելու նպատակից, ինչպես նաև առաջացնում է որոշակի ռիսկեր ԱԱՀ-ի փոխահատուցման գործընթացում։
Նախատեսվում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և ՀՀ տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերի և կարգի վերաբերյալ որոշման 17-րդ կետը շարադրել այսպես․ ««Ենթակա է փոխհատուցման» գրառումով և մաքսային մարմնի կողմից կնքված՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ-ի հարկային հաշիվը և ապրանքի դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը, օդանավի նստեցման կտրոնի (օդանավի անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագրի) պատճենն օտարերկրյա անձի կողմից ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գումարը բանկային փոխանցմամբ ստանալու համար: Օտարերկրյա անձի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն փաստաթղթերն ուղարկվելու համար դրանք գցվում են այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղադրված՝ համապատասխան նշումով (Tax free invoices) արկղի մեջ»։