Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները մարտի 21-ին խուզարկություն են կատարել Երևանի 43-ամյա բնակչի ընտանիքին պատկանող ձեռնարկատիրական տարածքում։
Խուզարկությանը, բացի ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներից, մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողները։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ։ Մասնավորապես, 23 գրամից ավելի կոկաին, 627 գրամից ավելի մեթամֆետամին, 1 կգ 435 գրամ մարիխուանա, 237 գրամ էքստազի, 8 գրամից ավելի հերոին, հաշիշի յուղ, ափիոն, մեթադոն և այլ թմրամիջոցներ։ Հայտնաբերվել են նաև տարբեր տեսակի մեծաքանակ հոգեմետ դեղահաբեր, այդ թվում՝ սուբուտեքս, պրեգաբալին, դիազեպամ, լորազեպամ, ֆենտանիլ և այլն։
Իրավապահները հայտնաբերել են նաև մարտական ատրճանակ, հրացան և օդաճնշիչ ատրճանակ, 51 900 դոլար և 187 700 եվրո, ոսկյա մատանիներ և շղթաներ, ոսկյա մետաղադրամներ, ոսկու ձուլակտորներ և ադամանդե քար։
9 անձ, այդ թվում՝ 43-ամյա տղամարդը, ձերբակալվել են։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Տարատեսակ հանցավոր արարքներ, ինքնավնասում, հազարավոր խեղված ճակատագրեր։ Այս շղթան կարելի է անվերջ թվարկել: Գաղտնիք չէ, որ այս ամենի մի մասը թմրամիջոցների օգտագործման հետևանքով է:
Թմրամիջոցներն առաջացնում են կախվածություն, ինչն էլ տանում է մարդուն դեպի վերջնական կործանում։ Իսկ հայտնաբերված հոգեմետ դեղահաբերից ֆենտանիլի նույնիսկ ամենաչնչին չափաբաժինը մահացու է։
Մարդիկ կորցնում են սթափությունը, իսկ ուշքի գալուց հետո հասկանում, որ տեղի է ունեցել անդառնալին: Ապօրինի թմրաշրջանառությունը և թմրանյութերի օգտագործումը բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններից է:
Հորդորում ու պահանջում ենք զերծ մնալ թմրանյութերի օգտագործումից և դրանք շրջանառելուց: Գնահատե՛ք ազատության մեջ ապրելու, առողջ և ապահով կյանք ունենալու ձեր իրավունքը: Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը, որպես ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջնային ուղղություն, հետևողականորեն շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: