Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 21-ին որոշում է ընդունել, որի համաձայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանը գործուղվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Նշենք, որ Անուշավան Մուշեղյանը երկու օր առաջ էր նշանակվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանի համաձայնությունը և դիմումը, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանին, 2023 թվականի մարտի 21-ից 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ, գործուղել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարունակելով քննել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից»:
Հիշեցնենք, որ Անուշավան Մուշեղյանը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր նշանակվել 2021 թվականի նոյեմբերի 10-ին։