Մարտի լույս 21-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ» մակնիշի մի մեքենա։ Պարեկները վարորդի սթափությունը ստուգելու նպատակով պահանջել են նրա փաստաթղթերը։ 43-ամյա տղամարդը հրաժարվել է և, մոտենալով պարեկային ավտոմեքենային, գրպանից հանել է քսանհազարանոց 3 թղթադրամ ու դրել առջևի նստելատեղին։ Պարեկները նրան ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ստուգվել է վարորդի սթափությունը։ Նա ոչ սթափ վիճակում էր:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Պարեկային ծառայության ներդրման առաջնահերթ նպատակներից էր կոռուպցիոն ռիսկերի բացառումը։ Պարեկներն իրենց գործողություններով բազմիցս հավաստել են, որ հավատարիմ են այդ սկզբունքին։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չդրսևորել հակաօրինական վարքագիծ։ Բոլոր ապօրինություններին տրվելու է համարժեք իրավական գնահատական։