Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցի շուրջ։ Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանը համարում է, որ Լաչինի միջանցքի ու նրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են ու կարգավորումները տեղ են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում: Այնտեղ ասվում է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ ու Ադրբեջանն անխոչընդոտ ապահովում է երկկողմանի երթևեկությունը», – նշեց Միրզոյանը։
ԱԳ նախարարի խոսքով՝ այն ամրագրված պայմանավորվածություն է, ու Հայաստանը պետք է արդեն կասկած հայտնի հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ:
«Այսինքն՝ ի՞նչ իմաստ ունի այլ հարցերի շուրջ ձեռք բերել պայմանավորվածություններ, եթե դրանք որոշ ժամանակ հետո անպայմանորեն խախտվելու են Ադրբեջանի կողմից: Ո՛չ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ», – հայտարարեց Միրզոյանը: