Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից։
«Իրականում, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջև: Հիշեցնենք, որ Շուշիի շրջանի որոշ գյուղերի հետ մայրաքաղաքի բնականոն հաղորդակցությունն ընդհատվել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին արգելափակելու պատճառով:
Հաշվի առնելով այդ լեռնային ճանապարհի աշխարհագրական բարդ ռելիեֆը՝ դրանով երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը փորձ է անում ներկայացնել որպես ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ։
Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթը»: