Նախագծի մշակման աշխատանքները սկսվել են դեռեւս 2019 թվականից: Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից առաջարկվում է խմբագրել 122-ը. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը մարտի 21-ի ԱԺ հերթական նիստում՝ Աշխատանքային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ: Փոխնախարարը տեղեկացրել է, որ հնարավորություն է տրվելու մինչեւ երկու տարեկան երեխա խնամող աշխատողին իր աշխատաժամանակը նվազեցնելու իրավունք տալ: Ներկա կարգավորմամբ մինչեւ մեկուկես տարեկան երեխա խնամող կանանց հնարավորություն է տրվում երեք ժամը մեկ առնվազն երեսուն րոպեով վերցնել ընդմիջում: Առաջարկվում է այս ժամկետը դարձնել մինչեւ երկու տարեկանը: Աշխատողին ժամերը տնօրինելու հնարավորություն կտրվի:
Ռուբեն Սարգսյանը կարեւորել է նաեւ փոփոխությունը, որը վերաբերում է կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին այդ հիմքով աշխատանքից ազատելուն: Նրա խոսքով առաջարկվում է օրենսգրքում այդպիսի հիմք չունենալ: Ռուբեն Սարգսյանի խոսքով նախատեսված փոփոխությունները հնարավորություն կտան գործատուներին անժամկետ պայմանագիր կնքել կենսաթոշակային տարիքի աշխատակիցների հետ:
Խոսելով սոցիալական երաշխիքներից՝ նախարարի տեղակալը անդրադարձել է աշխատողների քանակի կամ հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում աշխատանքում մնալու նախապատվության իրավունք կտրվի հաշմանդամության, կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, նաեւ ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամին:
Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է նաեւ հանգստի իրավունքին վերաբերող հոդվածները: Նոր կարգավորմամբ եթե աշխատողը 2,5 տարի անընդմեջ չի ներկայացնում արձակուրդի դիմում, ապա գործատուն իրավունք է ստանում իր հայեցողությամբ նրան ուղարկելու արձակուրդի: Գործող կարգավորումներով նաեւ հնարավորություն է տրվում մինչեւ վեց ամիս աշխատողին կողմերի համաձայնությամբ տրամադրել արձակուրդ:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաեւ ուսումնական արձակուրդի տրամադրմանը՝ նշելով, որ աշխատողին հնարավորություն կտրվի, աշխատատեղը պահպանելով, գործատուի համաձայնությամբ ուսումնական արձակուրդ ձեւակերպել, բայց ոչ ավելի, քան երկու տարի ժամանակով` օտարերկրյա ուսումնական հաստատությունում սովորելու, վերապատրաստվելու, մասնագիտական հմտությունների մակարդակը բարձրացնելու նպատակով:
Երկու նոր կարգավորում է նախատեսվում նաեւ վստահության կորցնելու հիմքերում՝ աշխատանքային անվտանգության կանոնների չպահպանման հիմքով եւ տեղեկատվական տեխնոլոգիոն ռիսկերին վերաբերող:
Ռուբեն Սարգսյանի խոսքով փոփոխություններով անդրադարձել են ավանսներով վճարված հետվերադարձի մեխանիզմին: Նոր նախագծով նախատեսվում է գործատուին հնարավորություն ընձեռնել հետգանձել իր՝ ավանսով վճարած գումարները:
«Հստակեցումներ են նախատեսվում նաեւ աշխատանքային պայմանագրով նախատեսված հստակ կետերի մասով՝ աշխատանքի վայր, աշխատանքի ժամանակի տեւողություն, ծանուցելու եղանակները»,- տեղեկացրել է փոխնախարարը:
Նոր նախագծով նախատեսվում է աշխատանքային պայմանագիր կնքել նաեւ էլեկտրոնային եղանակով:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Աշխատանքային օրենսգրքով կարգավորվում է հանգստյան օրերին աշխատելու հարցը:
Ի պատասխան՝ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ կարգավորումներով կան հստակ սահմանումներ, թե որքան կարող է տեւել շաբաթական աշխատաժամանակը: Նա հավելել է, որ խնդիր առաջանալու դեպքում աշխատակիցը հնարավորություն ունի դիմելու ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին:
Նույն խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը մտահոգված էր, որ եթե մասնավոր հատվածի համար տարիքային խտրականության հնարավոր դրսեւորումն արգելվում է Աշխատանքային օրենսգրքով, ապա պետությունը՝ որպես գործատու, բազմաթիվ օրենքներով ունի սահմանափակումներ՝ քաղծառայողների, դատավորների, դատախազների համար: Ինչպե՞ս է կարգավորվում այս հատվածը:
Մանրամասնելով իրավիճակըը՝ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ այլ ոլորտներում աշխատողների համար սահմանափակումները դեռ գործում են: Նա նշել է, որ մոտ ժամանակներս քննարկվելու են թե՛ պետական հատվածում, թե՛ այլ ոլորտների աշխատողների կարգավորումները եւ վերանայվելու են՝ փոփոխություններ սահմանելու նպատակով:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվել է տեսչական մարմինների հետ համագործակցությամբ, որպեսզի հետեւողական լինեն, մասնավորապես, պետական մարմիններում աշխատանքի ընդունվելու դեպքում տարիքային խտրականությունը բացառելու նպատակով: Նա նաեւ մտահոգված էր հաճախ հանդիպող աշխատանքի հրավիրող հայտարարություններով, որտեղ գործատուի կողմից նշված է լինում ցանկալի տարիք:
«Հետեւողականությունը նաեւ աշխատողի տեսանկյունից եւ գործատուի կողմից փոխադարձ պետք է լինի: Աշխատանքային օրենսգիրքն ամենաբարենպաստ խաղի կանոններն է սահմանում, որ երկու կողմերն էլ արդյուք ստանան ավելին, քան խախտելու դեպքում»,- ասել է Ռուբեն Սարգսյանը:
Անդրադառնալով աշխատանքի հայտարարություններին՝ նախարարի տեղակալը նշել է, որ տեսնելու դեպքում իրենք տեղեկացնում են տեսչական գործընկերներին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն մտահոգությանը, թե կենսաթոշակային տարիքի վերաբերյալ փոփոխությունն արդյո՞ք խնդիրներ չի առաջացնի երիտասարդների համար աշխատաշուկա մտնելիս, Ռուբեն Սարգսյանը պատասխանել է. «Վիճակագրությունից դատելով՝ որեւէ խնդիր չի առաջանա բնակչության թվի եւ աճի կանխատեսումներ ունենալով»:
Նա նաեւ հավելել է, որ նախատեսվում են բազմաթիվ ծրագրեր իրականացնել, որոնք հնարավորություն կընձեռնեն երիտասարդներին կրթության ընթացքում փորձ ձեռք բերել եւ հետո աշխատանք գտնել:
Փոխնախարարը խոսել է նաեւ երիտասարդների ուսուցման տարիքում կամ մինչեւ մեկ տարի ավարտելուց հետո քաղաքացին հնարավորություն կունենա փորձաշրջան անցնելու, որեւէ աշխատանքի վայրում, սակայն կան սահմանափակումներ՝ երկու ամիս ժամկետով, նույն գործատուի մոտ մեկ անգամ հնարավորությամբ: Նրա խոսքով այդ ինստիտուտը հնարավորություն կտա ավելի հեշտ ինտեգրվել եւ գտնել աշխատանք:
Հարակից զեկուցող ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրներով:
Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին: