24 տարի դատավորի պաշտոնը զբաղեցրած Կարեն Չիլինգարյանի լիազորությունները դադարեցվել են

Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 9-ին որոշում է ընդունել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանի լիազորությունները դադարեցնելու մասին։

Iravaban.net-ը հայտնում է, որ դատավորի լիազորությունների դադարեցման համար հիմք է հանդիսացել Դատական օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, այն է․ «․․․Վերջինս ունի դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել նախատեսված պարտադիր բժշկական զննությունը»:

«Հիմք ընդունելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի 22.02.2023 թվականի գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

Որոշում է

1. 2023 թվականի մարտի 9-ից դադարեցնել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Վանուշի Չիլինգարյանի լիազորությունները»,-նշվում է որոշման մեջ:

Ձեզ ենք ներկայացնում շուրջ 24 տարի դատավորի պաշտոնը զբաղեցրած Կարեն Չիլինգարյանի կենսագրությունը։

Ծնվել է 1963 թվականին Երևան քաղաքում։

Կրթություն

1988 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

Աշխատանքային փորձ

1991 թվականին աշխատել ԵՊՀ-ում՝ որպես ավագ իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի պետի պաշտոնը։

1999 թվականից մինչև 2001 թվականն եղել է ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականի հունվարի մեկից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել