Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե Բաքուն պնդում է, որ այդ երկխոսության օրակարգում պետք է լինի Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի հարցը, և հայտնի է՝ Ստեփանակերտը մերժում է:
«Մենք այդպիսի հարց չենք քննարկել: Բոլորն էլ հրապարակային խոսել են, որ այդ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, և հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն»,- ասել է Գրիգորյանը։
Հարցին, թե Երևանի դիրքորոշու՞մն է, որ չպետք է քննարկվի, ԱԽ քարտուղարը պատասխանել է․
«Երևանի դիրքորոշումն է, որ քննարկվի այն, ինչ պայմանավորվել ենք, այսինքն՝ իրավունքներ և անվտանգություն միջազգային մեխանիզմի շրջանակներում»։
Դիտարկմանը, թե ըստ Ադրբեջանի՝ դա կարող է և ենթադրել ինտեգրացիա, Գրիգորյանն ընդգծել է՝ եթե կանխորոշվում է վերջնարդյունքը, ապա այդ բանակցությունները դժվար են առաջ գնալու, որովհետև Լեռնային Ղարաբաղն էլ կարող է հայտարարել իր ակնկալիքների վերջնարդյունքների մասին:
«Դրա համար որպեսզի բանակցությունները տեղի ունենան, պետք է հնարավորություն ստեղծել քննարկումների մասին, և պետք է մնալ պայմանավորվածությունների շրջանակում, որովհետև մենք պայմանավորվել ենք քննարկելու անվտանգություն և իրավունքներ»,- եզրափակել է Գրիգորյանը։