Հայաստանում մարտի 4-ից հաստատված կարմրուկի դեպքեր ունենք, որոնք բերովի են և կապված են այլ երկրից Հայաստան եկած, չպատվաստված քաղաքացիների հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
«Տեղական դեպքեր այս պահին լոկալ բռնկման ձևով գրանցվում են, այսօրվա դրությամբ 46 դեպք ունենք, որից 36-ը երեխա են, իսկ 10-ը՝ մեծահասակ։ Երեխաները մինչև 8 տարեկան են, մեծահասակները՝ մինչև 64։ Դեպքեր ունենք գերազանցապես Երևանում, նաև մարզերում էլ են գրանցվել, որոնք կապված են նույն օջախի հետֆ։ 46 դեպքից 15-ն է հոսպիտալացված, 17-ը չհոսպիտալացված են, որովհետև կլինիկական ցուցում չկա հոսպիտալացման և նրանք գտնվում են ամբուլատոր պոլիկլինակական հաստատությունների անմիջական բժշկական հսկողության ներքո։ Առողջացումով դուրս են գրվել 17 հիվանդ»,-ասաց նա։
Գայանե Սահակյանը նշեց, որ կարմրուկը սուր-վարակիչ օդակաթիլային հիվանդություն է, հիմնականում համարվում է մանկական վարակիչ հիվանդություն, բայց մեծահասակները ևս կարող են հիվանդանալ, սովորաբար մեծահասակների մոտ ավելի ծանր է ընթանում։ Վիրուսն արտաքին միջավայրում բավականին կայուն է։
«Վիրուսը բավականին կոնտագիոզ է, այսինքն մեր իմացած բոլոր վարակիչ հիվանդություններից, իր վարակելիությամբ ամենաառաջին ինֆեկցիոն հիվանդությունն է։ Մեկ հիվանդ մարդը կարող է վարակել 18-20 մարդու։ Նույնիսկ կորոնավիրուսի համավարակի պայմաններում մենք այսպիսի թվեր չենք հրապարակել, սա է պատճառը, որ շատ արագ ինքը գտնում է այն անձանց, որոնք չվարակված են, իսկ եթե մարդը պատվաստված է, չի վարակվում։ Մեր դեպքերից 43-ը չպատվաստված են, 3-ը՝ մեկ դեղաչափ են պատվաստվել։ Կարմրուկը մյուս վարակիչ հիվանդություններից երկու շատ կարևոր առանձնահատկություն ունի, առաջինը, որ օրգանիզմից երբեք չի հեռանում կարմրուկը, մարդը եթե վարակվեց, վիրուսն ամբողջ կյանքում մնում է օրգանիզմում և բավական է, որպեսզի նպաստավոր միջավայր առաջանա և նորից գլուխ է բարձրացնում և շուրջ 7 տարի հետո կարող է մարդու մոտ առաջանալ շատ վատ բարդություն, կոչվում է ձգձգվող ենթասուր պանէնցեֆալիտ, այս դեպքում ուղեղի թաղանթն է բորբոքվում և գրեթե հարյուր տոկոսով մահվան ելք է ունենում։ Մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ բոլորի մոտ գրեթե 3 տարի իմուն համակարգի հիշողության կորուստ է առաջանում, սա է պատճառը, որ հիվանդանալուց հետո, հատկապես ծանր տարած դեպքերը։ Շատ ընկալունակ են դառնում արդեն այսպես ասած՝ ոչ վտանգավոր վիրուսների և մանրէների նկատմամբ»,-նշեց Գայանե Սահակյանը։