Մեր նպատակն է, որպեսզի ամենակարճ ժամանակահատվածում հասարակությունը շոշափելի արդյունքներ զգա․ Գուրգեն Ներսիսյանը՝ նոր նշանակումների մասին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 9-ին այցելել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Առաքելյանին: Նա շնորհակալություն է հայտնել համակարգի աշխատակիցներին՝ նախկին նախարար Արմեն Մանգասարյանի գլխավորությամբ շրջափակման պայմաններում պատասխանատվություն կրելու և ծանրաբեռնված աշխատանքի համար: Ներկայացնելով ոլորտում երկարամյա փորձ ունեցող նորանշանակ նախարարին՝ Գուրգեն Ներսիսյանը համոզմունք է հայտնել, որ Վահրամ Առաքելյանը ամենայն պատասխանատվությամբ կիրականացնի ոլորտի առջև ծառացած խնդիրների համակարգային լուծումները։

«Խնդիրներին համակարգային լուծումներ առաջադրելով, մենք կառավարման համակարգում որակապես նոր գործիքներ ու հարաբերություններ կստեղծենք: Մեր նպատակն է, որպեսզի ամենակարճ ժամանակահատվածում հասարակությունը շոշափելի արդյունքներ զգա»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը:

 Պետական նախարարն այնուհետև այցելել է քաղաքաշինության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել Ազատ Համաբարձումյանին, ում նախագահի հրամագրով ժամանակավորապես վերապահվել է նախարարի պարտականությունների կատարումը: Գուրգեն Ներսիսյանը կարևորել է հատկապես հետպատերազմյան շրջանում նախկին նախարար Արամ Սարգսյանի և համակարգի աշխատակիցների կատարած մեծածավալ աշխատանքը, ինչի արդյունքում կյանքի են կոչվել ենթակառուցվածքային և բնակարանային ապահովման բազմաթիվ ծրագրեր: Անդրադառնալով ոլորտային հարցերին՝ պետական նախարարը ընդգծել է գերատեսչության  հետագա աշխատանքների կազմակերպման արդյունավետության ապահովումը։

«Քաղաքաշինությունն այն ոլորտներից է որտեղ կարելի է անվերջ զարգանալ և մեր հաջողությունների գրավականը նաև նրանում է, թե մենք որքանով ենք պատրաստ բոլոր զարգացումներին զուգահեռ համաչափ զարգանալ, որպեսզի ունակ լինենք դիմագրավելու բոլոր մարտահրավերներին», – նշել է Գուրգեն Ներսիսյանը։

Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Գեորգի Հայրիյանին՝ պետական նախարարը վստահություն է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ ջանքերը կբազմապատկվեն: 

«Առաջիկայում մեր երկիրը պետք է էականորեն առաջընթաց ապահովի գյուղատնտեսության ոլորտում: Այդ հարցում պատասխանատվություն պետք է ստանձնեն ձեզանից յուրաքանչյուրը, այդ թվում նաև ես՝ որպես ոլորտի ձեզ հետ հավասարապես պատասխանատու։ Առաջին հերթին ճիշտ կադրային քաղաքականության արդյունքում, մասնագետների ունեցած փորձի և գիտելիքներին համապատասխան տեղաբաշխումը կազմակերպելով, կկարողանանք ապահովել առավելագույն արդյունավետություն», – ասել է Գուրգեն Ներսիսյանը։

Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակիցներին՝ նախկին նախարար Հրանտ Սաֆարյանի ղեկավարությամբ Արցախի շրջափակման ընթացքում կատարած աշխատանքի համար:

Հանդիպմանը քննարկվել են նաև շրջափակման պայմաններում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանն առնչվող հրատապ հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել