«Որպես պալատի նախագահի թեկնածու` ուզում եմ Ձեզ հայտարարել, որ ինքս գիտակցում եմ, որ ընտրողը պահանջատեր է, ընտրվողը` պարտապան: Այդ գիտակցումը լինելու է նաև ընտրվելուց հետո»,- Երևանում փաստաբանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով` պաշտոնատար անձանց մոտ այն հոգեվիճակն ու մոտեցումն է, որ ինքը տեր է, ոչ թե ծառա: Այնինչ, պետք է լինի հակառակը:
Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուն հումորով նշեց, որ իր նախընտրական ծրագրին ուժի մեջ է մտնելու ընտրվելու պահից և գործելու է 4 տարի ժամկետով:
«Այսինքն` այսպես ասած, ծրագիրը «պայմանագիր» է թեկնածուի և ընտրողի միջև և հետագայում կամ ընթացքում յուրաքանչյուրդ էլ հնարավորություն ունենալու եք բացելու այս «պայմանագիրը» և որևիցե կետի վերաբերյալ` որպես պահանջատեր, Ձեր դիրքորոշումը ներկայացնելու»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Նա մանրամասնորեն անդրադարձավ իր նախընտրական ծրագրում տեղ գտած դրույթներին և պատասխանեց փաստաբանների հարցերին: Վերջիններիս հարցերը բազմազան էին` հանրային պաշտպանների ծանրաբեռնվածության խնդրի լուծման տարբերակներից մինչև փաստաբանների անվճար բուժսպասարկման ապահովվում: