Տիգրան Աթանեսյանը կասկածի տակ է դնում ՓՊ ֆինանսական գործունեության թափանցիկությունը

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է փաստաբանների պալատի ֆինանսական գործունեությանը` կասկածի տակ դնելով գործունեության թափանցիկությունը:

«ՀՀ փաստաբանների պալատի ֆինանսական գործունեություն

ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի /ՀՊԳ/ ծախսեր՝

ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին օրենքով ՀՊԳ-ին հատկացվել է 260.069.600 /երկու հարյուր վաթսուն միլիոն վաթսունինը հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ՝ տող 03.03.02:

Ամբողջ գումարը տրված է ՙայլ նպաստներ բյուջեից՚ հոդվածով, ինչը նշանակում է, որ հանրային պաշտպաններին տրվում է ոչ թե աշխատավարձ, այլ նպաստ, որը չի հարկվում:

Բյուջետային բոլոր մյուս հոդվածների դիմաց նշված է ՙ0՚, այսինքն, պետությունը չի տրամադրում որևէ միջոց աշխատանքի վարձատրության, տարածքի վարձակալության, կոմունալ, գործուղման ծախսերի և այլնի համար:

Հետևաբար՝ ողջ գումարը պետք է ուղղվի միմիայն հանրային պաշտպանների վարձատրությանը կամ, ըստ օրենքի, հանրային պաշտպաններին՝ որպես նպաստ:

ՀՊԳ-ում, ըստ Փաստաբանների պալատի կայքի աշխատում է 36 հանրային պաշտպան՝ 32-ի դրույքով:

Հանրային պաշտպանի ամսեկան վարձատրությունը կազմում է 250.000 ՀՀ դրամ + 60.000 ՀՀ դրամ որպես տրանսպորտային ծախսի հատուցում՝ յուրաքանչյուր եռամսյակ:

Այսինքն, կարելի է պայմանական ընդունել, որ յուրաքանչյուր հանրային պաշտպան ամսեկան ստանում է 270.000 ՀՀ դրամ:

Եթե հանրային պաշտպանների ընդհանուր թիվը կազմում է 36, ապա տարեկան ՀՊԳ-ի վարձատրության չափը կազմում է 36*270.000*12=116.640.000 ՀՀ դրամ:

Տարբերությունը բյուջեից վարձատրության համար հատկացվող գումարի և փաստացի ծախսվող գումարի կազմում է 260.069.600 – 116.640.000= 143.429.600 ՀՀ դրամ, որի ծախսի վերաբերյալ որևէ տվյալ չկա, ամեն դեպքում Պալատի կայքում:

Այսինքն , օդի մեջ է մնում շուրջ 350.000 ԱՄՆ դոլար տարեկան:

Պալատի կայքում առկա է հանրային պաշտպանների ցանկ, ըստ որի հանրային պաշտպանների ընդհանուր թիվը 56-ն է, թեպետ իմ տվյալներով այդ ցանկումդեռ ընդգրկված են մարդիկ, որոնք արդեն հանրային պաշտպաններ չեն:

Այդ դեպքում ևս առկա է խնդիր՝ 56 հանրային պաշտպանների տարեկան վարձատրության գումարը կազմում է 56*270.000*12-181.440.000 ՀՀ դրամ, իսկ տարբերությունը բյուջեից տրամադրվող գումարի հետ կկազմի 260.069.600-181.440.000=78.629.600 ՀՀ դրամ, կամ շուրջ 194.000 ԱՄՆ դոլար:

Պալատը կամ ՀՊԳ-ն վերջին տարիներին աուդիտ չի անցել, հետևաբար չկա որևէ հիմնավոր փաստաթուղթ, թե արդյոք այդ գումարները ծախսվում են նպատակային, թե պարզապես յուրացվում են:

 

Պալատի ֆինանսական վիճակը՝

Պալատի ֆինանսական միջոցների ձևավորման մասին որևէ հանրամատչելի տեղեկություններ չկան:

Կարելի է միայն ենթադրել, որ դրանք ձևավորվում են, բացի վերը նշված բյուջետային հատկացումներից, նաև անդամավճարներից:

Անդամավճար վճարող փաստաբանների թիվը ևս հստակ չէ, շրջանառվում է 1360 փաստաբանի մասին տեղեկություն:

Եթե դա այդպես, ապա միայն անդամավճարներից պալատը տարեկան ստանում է 1360*5000*12=81.600.000 ՀՀ դրամ:

Ըստ Պալատի ներքին իրավական ակտերի յուրաքանչյուր 5000-ական դրամից 2000-ը փոխանցվում է փաստաբանական դպրոցին, այսինքն` Պալատին մնում է 1360*3000*12-48.960.000 ՀՀ դրամ, իսկ դպրոցին փոխանցվում է 1360*2000*12=32.640.000 ՀՀ դրամ:

Դպրոցն իր հերթին, ստանում է փաստաբանի հավակնորդների գումարները: Յուրաքանչյուր հավակնորդ, ըստ իմ տեղեկությունների, դպրոցին վճարում է 640.000 ՀՀ դրամ: Վերջին մեկ տարվա ընթացքում, ևս ըստ իմ տեղեկությունների, դպրոցում սովորել է 120 հավակնորդ, այսինքն, դպրոցը պետք է վաստակած լինի 120*640.000=76.800.000 ՀՀ դրամ:

Որևէ տեղեկություն, թե ինչպես է դպրոցը ծախսում 32.640.000+76.800.000=109.440.000 ՀՀ դրամը ևս հրապարակված չէ:

Արդյունքում, միայն մոտավոր հաշվարկով, առանց այլ աղբյուրներից տրվող ֆինանսավորման, որոնց մասին, ի դեպ ևս որևէ հանրամատչելի տեղեկություն չկա, Պալատի ընդհանուր բյուջեն / ՀՊԳ-ի և դպրոցի հետ միասին/ կազմում է 260.069.600+81.600.000+76.800.000=418.469.600 ՀՀ դրամ կամ շուրջ 1.030.000 /մեկ միլիոն երեսուն հազար/ ԱՄՆ դոլար:

Եվ այս պայմաններում չի անցկացվում աուդիտ, ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի ստուգում, հարկային ստուգում:

Եզրակացությունները թողնում եմ ընթերցողին:

Ավելացնեմ նաև, որ 2012թ. Պալատը ընդհանուր հանրագումարով որպես եկամտահարկ պետական բյուջե փոխանցել է 3.000.000 դրամ:

Մինչդեռ, ինձ հասած տեղեկությունների համաձայն, հանրային պաշտպաններից կատարվում են պահումներ շուրջ 100.000 ՀՀ դրամի չափով ամեն ամիս: Եթե դա այսպես, ապա 36 հանրային պաշտպանի դեպքում շատ կոպիտ մոտավոր հաշվարկով պետք է պահվեր և պետական բյուջե որպես եկամտահարկ տարվա կտրվածքով պետք է փոխանցվեր կոպիտ հաշվարկով 20.000.000 ՀՀ դրամից ավել գումար:

հ.գ. Վերը բերված բոլոր թվերը կրում են մոտավոր բնույթ, քանի որ որևէ պաշտոնական տեղեկություն, բացի պետական բյուջեի հատկացումից, հանրամատչելի չէ»,- գրել է Տիգրան Աթանեսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել