Թուրքիայում Քահրամանմարաշ էպիկենտրոնով երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 45089, փոխանցում է Ermenihaber-ը։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը: Գերատեսչությունը վիրավորների թիվը չի հրապարակել: Վերջին անգամ վիրավորների թիվ հրապարակվել է փետրվարի 17-ին, երբ այն կազմում էր 108 հազար։
Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո գրանցվել է 11020 հետցնցում։
Փետրվարի 20-ին Հաթայում տեղի ունեցած 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 6 մարդ, իսկ փետրվարի 27-ին Մալաթիայում տեղի ունեցած 5,5 մագնիտուդով հետցնցման հետևանքով մահացել է երկու մարդ։
Փետրվարի 6-ից մինչ այսօր տարածաշրջանից տարհանվածների թիվը հասել է 1 մլն 971 հազարի:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերը ավերածություններ են առաջացրել Քահրամանմարաշում, Գազիանթեփում, Շանլըուրֆայում, Դիարբեքիրում, Ադանայում, Ադըյամանում, Օսմանիյեում, Հաթայում, Քիլիսում, Մալաթիայում և Էլազըղում։
Փլուզված և փլուզվելու եզրին գտնվող ու հրատապ քանդման ենթակա շենք-շինությունների թիվը հասել է 202 հազարի։