Լրացումներ Քրեական օրենսգրքում․ ԱԺ

Գործող Քրեական օրենսգրքով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաեւ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը՝ փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ 10-15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից մինչեւ վաղաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում ընդգծել են, որ նախագծում առկա են ձեւակերպումների հետ կապված որոշ անորոշություններ:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը, նշելով, որ հարցը հանձնաժողովում բավականին մանրամասն քննարկվել է, ներկայացրել է որոշ պարզաբանումներ առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Նա ընդգծել է, որ նախագծի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է: Նրա խոսքով եթե կան բացթողումներ, առաջարկություններ ու մտահոգություններ, կարող են քննարկել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է առաջինից մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կազմակերպել աշխատանքային քննարկումներ իրավակիրառողների մասնակցությամբ, որպեսզի հստակեցվեն իրավական որոշակիության հետ կապված հարցերը: «Ես դիտարկում եմ Քրեական օրենսգրքում այս փոփոխությունն առավելապես որպես կանխարգելիչ, կրթական, հայեցակարգային նշանակություն ունեցեղ փոփոխություն»,- հավելել է Վլադիմիր Վարդանյանը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում:

Եզրափակիչ ելույթում Արփինե Դավոյանը, կարեւորելով նախագծի շուրջ ծավալված քննարկումը, նշել է, որ այն կնպաստի օրենսդրական նախաձեռնության լավարկմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել