Հայաստանի Հանրապետության տարածքում որսի իրավունք ունեն`
1) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր օրենքով սահմանված կարգով հանձնել են որսորդական մինիմում և օրենքով սահմանված կարգով ստացել են որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթեր. դրանք են՝
ա) որսորդական զենք կրելու վկայականը.
բ) կենդանիների որսի թույլտվությունը.
գ) որսորդական վկայականը:
2) օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել որսորդական զենք կրելու և որս իրականացնելու իրավունք:
Որսորդական մինիմումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Որսորդական մինիմումի քննությունը ընդունում է լիազորված մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովը:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է լիազորված մարմնի հաստատած միասնական ձևիորսորդական վկայական: Որսորդական վկայականը տրվում է լիազորված մարմնի կողմից որսորդական մինիմումի քննությունը հանձնած և օրենքով սահմանված կարգով ու չափով պետական տուրք մուծած քաղաքացիներին:
Որսի թույլտվություն է համարվում որսահանդակներում որս իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով տրված միանվագ կամ սեզոնային այցելության թույլտվություն, որտեղ նշվում են որսի վայրը, ձևը, այցելության ժամկետները, որսատեսակները և յուրաքանչյուր որսատեսակի քանակը:
Որսորդական վկայական որսով զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ է: