«Մոսկվան ծրագրում Է մոտ ժամանակներս ամբողջապես զավթել իշխանությունը Վրաստանում». Սաակաշվիլին դիմել է Զուրաբիշվիլիին

«Մոսկվայի պլանների մեջ է մտնում Վրաստանում իշխանության ամբողջական զավթումը, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է օգտագործի իր լիազորությունները, որպեսզի միջազգային հանրությունը Վրաստանին լիակատար մեկուսացման մեջ չթողնի», – այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Ես պաշտպանում եմ նախագահ Զուրաբիշվիլիի՝ վերջին օրերին արված հայտարարությունները և ազատության համար պայքարելու նրա կոչը։

Իմ կարծիքով՝ բոլոր քաղաքական խմբերը պետք է միավորվեն ընդդեմ ռուսական հեղաշրջման, ինչպես նաև անհապաղ խորհրդակցություններ անցկացնեն նախագահի հետ։ Միանգամայն ակնհայտ է, որ Ուկրաինայում կրած պարտությանը, Մոլդովայում տեղի ունեցած ձախողմանը զուգահեռ Մոսկվան պատրաստվում է մոտ ժամանակներս բացահայտ զավթել իշխանությունը Թբիլիսիում, հանուն որի նա կստիպի ահաբեկված խամաճիկներին համաձայնվել ամեն ինչի հետ։

Սալոմե Զուրաբիշվիլին պետք է օգտագործի իր դիրքը և ողջ աշխարհին հասկացնի, որ Վրաստանի լիակատար մեկուսացման պայմաններում պատրաստվում է երկրի ամբողջական նվաճումն ու օկուպացումը։

Հիմա դժգոհությունները հիշելու ժամանակը չէ, մենք պետք է ամեն առիթ օգտագործենք այս մեծ պատերազմում կռվելու համար։

Նախագահն ասում է, որ առանց ազատության իրական խաղաղություն չկա, իսկ մեզ փորձում են ստրկացնել պատերազմի վախի միջոցով։ Ուստի դիմադրությունը յուրաքանչյուր իսկական վրացու, յուրաքանչյուր նախագահի՝ նախկին կամ գործող, պարտականությունն է։ Այս ճակատամարտում մենք չենք կարող մեզ թույլ տալ ինչ-որ մեկին կորցնել», – գրել է Սաակաշվիլին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել