Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին:
Ողջունելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ և ի դեմս դեսպանի՝ Իրանի ժողովրդին հղել իր լավագույն բարեմաղթանքները:
«Այսօրվա մեր հանդիպումը շատ լավ առիթով է պայմանավորված: Նշվում է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձը:
Շնորհավորում եմ ձեզ, Իրանի մեր գործընկերներին, ժողովրդին և հղում իմ լավագույն բարեմաղթանքները: Մաղթում եմ հաջողություններ և ամենակարևորը՝ խաղաղություն:
Մեր բազմադարյա հարաբերությունները մեզ հուշում են, որ մենք միմյանց վերաբերվել ենք շատ բարեկամաբար, հարգանքով և պարտավոր ենք այդ ավանդույթները շարունակել: Մեր երկու երկրները սերտ համագործակցում են և ապագային այդ նույն տրամադրվածությամբ ենք նայում, որպեսզի ավելի ընդլայնենք մեր համագործակցությունը, մեր երկրները միմյանց ավելի ներկայանալի դարձնենք: Դա լինելու է ի շահ մեր ժողովուրդների, նպաստելու է մեր երկրների հզորացմանը, բարեկեցության բարձրացմանը»,- ասել է նախագահը:
Դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար և կարծիք հայտնել, որ Իսլամական հեղափոխությունն իր դրական ազդեցությունն է ունեցել հարևան պետությունների վրա:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-իրանական բազմաշերտ համագործակցության զարգացմանը նոր թափ հաղորդելու և առկա ներուժի ամբողջական իրացման շուրջ: Առանձնահատուկ կարևորվել է բարձր տեխնոլոգիական, հանքարդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև հաղորդակցության ուղիների կառուցման և փոխգործակցության լայն հնարավորություններ ընձեռող այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:
Դեսպան Զոհուրին գոհունակությամբ նշել է, որ չնայած անցնող տարվա դժվարություններին, հայ-իրանական առևտրատնտեսական շրջանառությունը զգալի աճ է ունեցել և այդ տեմպը հարկավոր է պահպանել և զարգացնել: Իր խոսքում դեսպանն անդրադարձել է նաև հայկական և իրանական վերլուծական կենտրոնների միջև կապերի սերտացման ու համագործակցության զարգացման դրական միտումներին:
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: