Կհստակեցվի վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակվող կամ ազատվող անձի լիազորությունների ստանձնման և դադարման պահը

Արդարադատության նախարարության կողմից ներկայացվել է նախագիծ, որով կհստակեցվի վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակվող և հանրային պաշտոնից ազատվող անձի լիազորությունների ստանձնման և դադարման պահը։

 Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 9-րդ հոդվածը կլացվի հետևյալ բովանդակությամբ․ «Վարչապետի կողմից հանրային պաշտոնում նշանակվող և ազատվող պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն ստանձնում կամ դադարեցնում են վարչապետի որոշման հրապարակման պահից, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Վարչապետի որոշումը հրապարակվում է կառավարության պաշտոնական կայքէջում»։

Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքով կարգավորված չէ Վարչապետի որոշմամբ հանրային պաշտոնի նշանակված և հանրային պաշտոնից ազատված անձի լիազորությունների ստանձնման և դադարեցման պահը:

Համապատասխան կարգավորման բացակայությունը կարող է գործնական խնդիրներ առաջացնել Վարչապետի որոշմամբ հանրային պաշտոնի նշանակված և հանրային պաշտոնից ազատված անձի լիազորությունների ստանձնման և դադարման պահի որոշման իմաստով:

Արդյունքում Վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակված անձի լիազորությունների ստանձնման և դադարման պահ կհանդիսանա կառավարության պաշտոնական կայքէջում վարչապետի որոշման հրապարակման պահը, բացառությամբ այն դեպքերի, երբ Վարչապետի համապատասխան որոշմամբ լիազորությունների ստանձնման կամ դադարեցման մասով ավելի ուշ ժամկետ կնախատեսվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել