Երեք անձ կալանավորվել է՝ ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու մեղադրանքով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 3 անձի կողմից ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տաշիրի բաժնի վարչական շենքի պարեկային ծառայության համար նախատեսված աշխատասենյակում Տաշիր քաղաքի 31 և 33-ամյա և Սարատովկա բնակավայրի 28-ամյա բնակիչները, գտնվելով ոչ սթափ վիճակում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կրտսեր պարեկի կողմից իրենց ընկերոջը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն կազմելուն խոչընդոտելու նպատակով, սկսել են վիճաբանել հիշյալ պարեկի և վիճաբանությանը միջամտող մեկ այլ պարեկի հետ։ Վերջիններիս հասցեին նրանք հնչեցրել են հայհոյանքներ, այնուհետև բռնություն գործադրելով՝ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին:

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից հիշյալ երեք տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: 

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել