Մկրտիչ Հովհաննեսի Թարջիմանովը ծնվել է 1927թ. օգոստոսի 16-ին, Երևանում: 1950թ. ավարտել է Ադրբեջանի արդյունաբերական ինստիտուտը: 1952 թվականից անցել է կոմերիտական աշխատանքի 1955-ից՝ պետանվտանգության համակարգ: 1955-1961թթ. ղեկավարել է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին կից ՊԱԿ-ի կուսակցական կազմակերպությունը: 1961 թվականից սկսած` շուրջ տասնմեկ տարի, եղել է հայաստանյան պետանվտանգության կառույցի նախագահի տեղակալը:
Այս մասին տեղեկություն է հրապարակվել «Անտեսանելի ճակատի մարտիկներ» ֆեյսբուքյան էջում։
«Համակարգի հաջորդ բարձր պաշտոնում Մ․ Թարջիմանովը գործել է դարձյալ տասնմեկ տարի։ 1973 թվից նշանակվել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի Բրյանսկի մարզի վարչության պետ՝ մի տարածաշրջանի, որն արդյունաբերական ռազմական, երկրի պաշտպանության համար ունեցած առանձնակի նշանակության առումներով ԽՍՀՄ-ում եղել է հատուկ կարևորության գոտի, որպես այդպիսին շարունակաբար գտնվել օտարերկրյա գաղտնի ծառայությունների սևեռված հետաքրքրության թիրախում։ 1984 թվականին նրա գործունեությունն ընդհատվել է մահվան ելք ունեցած ոչ տևական հիվանդության պատճառով: Հուղարկավորված է մայր հայրենիքում, Երևանում:
1975 թվականից գեներալական կոչման արժանացած հայորդու կուրծքը զարդարել են «Պետանվտանգության պատվավոր աշխատակից» կրծքանշանը, շքանշաններ, մեդալներ՝ որպես հավաստում նրա անբասիր ու նվիրված ծառայության։
Իրենց նշանակությամբ Մ․ Թարջիմանովի կյանքում բացառիկ կարևորության են եղել պետանվտանգության Բրյանսկի մարզային կառույցում ծառայության տարիները։ Դրանք եղել են նրա մարդկային, որակական բարձր հատկանիշների, աշխատանքային գործունեության նախորդ շրջանում կուտակած փորձի, գիտելիքների արդյունավետ գործադրման ժամանակաշրջան։
Շնորհիվ հետևողական, նպատակային գործելու, նրան հաջողվել է շատ արագ բարելավել կառույցի թե աշխատանքային մթնոլորտը, թե աշխատակիցների սոցիալ-կենցաղային պայմանները և թե մարզում տարվող օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունավետությունը:
Նրա ղեկավարման տարիներին մարզային կառույցի կողմից քրեական պատասխանատվության են ենթարկվել օտարերկրյա տերությունների ու մասնավորապես ֆաշիստական գերմանական հետախուզության, հակահետախուզության ավելի քան 100 գործակալներ, Երկրորդ հայրենականի տարիներից պատժիչ գործողություններում ներգրավված անձինք:
Մ․ Թարջիմանովի գործունեության բացառիկ էջերից է ռազմական հանցագործ, գերմանական դահիճ, տխրահռչակ Տոնկա Պուլեմյոտչիցայի (Անտոնինա Մակարովա) բացահայտումն ու վնասազերծումը, ով ծառայության մեջ լինելով գերմանական օկուպացիոն իշխանությունների ու ռուս կոլաբորացիոնիստների մոտ՝ Մեծ հայրենականի տարիներին գնդակահարել է շուրջ 1500 պարտիզանի ու քաղաքացիան անձի, հայրենասերի դիմակի տակ ծպտված՝ մինչև 80-ականների սկիզբը պիոներական հավաքների հյուրն էր հայրենիքին մատուցած իր հորինովի պատմություններով։
Թարջիմանովի գլխավորությամբ իրականացված օպերացիներից առանձնակի հնչեղության է եղել նաև Սաժինի հրոսակախմբի հետախուզումը, բացահայտումն ու չեզոքացումը՝ հանցախումբ, որը ահաբեկչության մեջ էր պահում ողջ բրյանշչինան, հանցախումբ, որի «հաշվեկշռում» է քսանից ավելի քաղաքացու սպանություն։
Հաշվի առնելով գեներալի բացառիկ ծառայությունները, մարդկային բարձր նկարագիրը, խստապահանջության կողքին պարզ, հասարակ պահվածքը՝ տեղական իշխանությունների որոշմամբ Բրյանսկ քաղաքի փողոցներից մեկն անվանվել է ի պատիվ նրա, փողոցի թիվ 1 հասցեն կրող շենքի ճակատային մասում ամրացվել նրա հուշատախտակը:
Հետաքրքրական ևս մեկ փաստ հայազգի գեներալի մեծ ժողովրդականության, բացառիկ վաստակի մասին, որն իր եղելության մեջ իսկապես բացառիկ, նման օրինակը չունեցող երևույթ է: 90-ական թվականներին անհետ կորել է հուշատախտակը, սակայն Բրյանսկի մարզում պետանվտանգության մարմինների կազմավորման 93-ամյակի պատվին վարչության ՀԴԾ-ի վետերանների նախաձեռնությամբ նոր հուշատախտակ է պատրաստվել, որը Մ. Թարջիմանովի 90-ամյակի առիթով վերաթարմացվել է: Թվով այս երրորդ հուշատախտակը գեներալի հարթաքանդակով է, ունի հետևյալ գրառումը. «Փողոցն անվանված է ի պատիվ պետանվտանգության պատվավոր աշխատակից, 1973- հուլիսից մինչև 1984 թվի սեպտեմբերը Բրյանսկի մարզի ԽՍՀՄ ՊԱԿ-ի վարչության պետ, գեներալ-մայոր Մկրտիչ Հովհաննեսի Թարջիմանովի»:
Սա բացառիկ, բացառիկի հետ մեկտեղ հետևողական հարգանքի հավաստման, անառարկելի հեղինակության վկայման արտահայտություն է, վաստակի անուրանալի գնահատական:
Հարկ համարենք նշել, որ մեր մեծանուն հայրենակիցն օժտված է եղել նաև գրական ձիրքով, մարզի անվտանգության աշխատակիցներին նվիրված «Միշտ մարտական դիրքում» գրքի համահեղինակներից է»,-ասված է հայտարարության մեջ: