ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնում է․
«Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը՝ երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։
Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։
Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»։
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այն տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն): Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: 6,5 մագնիտուդով երրորդ երկրաշարժը նույնպես տեղի է ունեցել Գազիանթեփում։ Երկրաշարժից հետո մինչև տեղական ժամանակով ժամը 06:30-ը 42 հետցնցում է գրանցվել: Ամենահզոր հետցնցումը եղել է 6.6 մագնիտուդ: Հետցնցումներից 6-ը եղել են 6 մագնիտուդից բարձր հզորության: Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում, որտեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի։