Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը ստանձնել են դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը: Այս մասին հաղորդում է «Իրավական ուղի» ՀԿ-ն:
Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ։
Միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Ա.Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։
Մելիքյանը մի հատված է հրապարակել նախարարության միջնորդությունից․
Հիշեցնենք, որ ԲԴԽ 2022թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ դատավոր Ա.Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել էին՝ գերբեռնվածության պայմաններում աշխատելիս չորս գործով վճիռները տևական ժամանակով ուշացնելու համար։
Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը 2021 թվականին Բարձրագույն դատական խորհրդի առջև ներկայացրել էին դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերը Արդարադատության նախարարության միջնորդությամբ երեք կարգապահական վարույթներով։
Միջնորդություններից երկուսը մերժվել էին, իսկ մեկը՝ բավարարվել, և դատավորին հայտարարվել էր խիստ նկատողություն։