«Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը տուգանվել է ավելի քան 45 միլիոն դրամի չափով․ ՊԵԿ նախագահի հրամանը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հունվարի 27-ին հրաման է ստորագրել՝ «Սոֆթ Կոնստրակտ» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանելու վերաբերյալ։

Iravaban.net-ը հայտնում է, որ ընկերությունը տուգանվել է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը և անցկացնումը լիազոր մարմնի հետ չհամաձայնեցնելու համար («Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «ե» կետ)։ Հրամանում նշվում է, որ այս խախտումը կատարվել է 91 անգամ։

Բացի այդ ընկերությունը պետք է թարմացնի հաճախորդի պատշաճ ուսումնասիրության շրջանակում հավաքագրված տեղեկությունները։ Հաճախորդի նույնականացման և ինքնության ստուգման արդյունքում ձեռք բերված տեղեկությունների թարմացման համար սահմանված հաճախականությունը պետք է լինի ոչ պակաս, քան տարին մեկ անգամ («Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մաս):

Տուգանելու համար հիմք են հանդիսացել այս 2 օրենքների խախտումները։

Նշենք, որ «Սոֆթ Կոնստրակտը» 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի 18-րդ հորիզոնականն է զբաղեցնում։

Հրամանում նշվում է․ «Հիմք ընդունելով հետևյալ փաստական հանգամանքները.

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 08.11.2022թ-ի թիվ 0000004 ԻՇԽ հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման արդյունքում 04.01.2023թ-ին կազմված ԻՇԽ No 0000004 ակտի համաձայն «Սոֆթ Կոնստրակտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Ընկերություն) կատարել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «ե» կետով և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների խախտումներ, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023թ. հունվարի 05-ի թիվ /6-3/737-2023 ծանուցմամբ (Ընկերության կողմից ստացվել է 10.01.2023թ-ին) Ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Արձանագրված խախտումների վերաբերյալ Ընկերության կողմից առարկություններ չեն ներկայացվել:

Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետով և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով.

Հրամայում եմ՝

1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար Ընկերության նկատմամբ կիրառել տուգանք` երկու հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «ե» կետով սահմանված պահանջը իննսունմեկ դեպքով խախտելու համար Ընկերության նկատմամբ կիրառել տուգանք` քառասունհինգ միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

3. Նշված տուգանքը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական 900005024154 հաշվեհամարին:

4. Կիրառված տուգանքը սույն հրամանն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո` ամբողջությամբ կամ մասամբ վճարված չլինելու դեպքում, ենթակա է հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել