Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Աղվան Պետրոսյանի նախագահությամբ շարունակվում է նախկինում դատվածություն չունեցող Սուրեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-դ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ըստ հիշյալ հոդվածի՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով(300 հազրից 400 հազար դրամ), կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ամբաստանյալ Սուրեն Հակոբյանը ՝ աշխատելով Գեղարքունիքի մարզպետարանում՝ որպես սոցիալական ապահովության բաժնի վարիչ, իր մոտ է կանչել ազատամարտիկի կնոջը՝ Արփինե Ստեփանյանին և նրան աջակցելու համար կաշառք է պահանջել:
Ս. Հակոբյանը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բնակարան ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու հարցը առաջնահերթության կարգով լուծելու համար տիկին Արփինեից պահանջել է ներկայացնել նաև մի շարք փաստաթղթեր: Որոնց ներկայացումից հետո էլ հենց պահանջել է 300 ԱՄՆ դոլար, սակայն ստացել է միայն 250 ԱՄՆ դոլար:
Ամբաստանյալի նակտմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net