Օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց ոստիկանության կրթահամալիրի քոլեջի առաջին շրջանավարտների հետ:
Ծառայության անցնելու կապակցությամբ շնորհավորելով նորընծա սպաներին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց այն դերն ու նշանակությունը, որն ունի հատկապես այդ սերունդը ոստիկանության բարեփոխումներն իրականացնելու գործում:
ՀՀ ոստիկանության պետն անդրադառնալով ոստիկանի կոչմանը և ոստիկանական աշխատանքի սկզբունքներին՝ ընդգծեց օրենքին ծառայելով ժողովրդին ծառայելու գերակա պահանջը և երիտասարդ սպաներին կրկին հիշեցրեց, որ ոստիկանի գործունեությունը վերքաղաքական ու վերկուսակցական է, իսկ ոստիկանությունը բոլորի ոստիկանությունն է:
ՀՀ ոստիկանության պետն արդար և արդյունավետ ծառայություն մաղթելով ոստիկանության նոր հերթափոխին՝ հավաստիացրեց, որ նրանք մշտապես ղեկավարության ուշադրության կենտրոնում են լինելու և ունենալու են ամենօրյա օգնություն ու աջակցություն: