Հունվարի 7-ին ուժի մեջ են մտնելու Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունները: Iravaban.net-ը հայտնում է, որ նշված փոփոխություններից գլխավորն այն է, որ ՀՀ-ում ստեղծվելու է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:
Դատարանը կազմված է լինելու 12 դատավորներից, որոնցից 6-ը զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, 6-ը` հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ:
Դեկտեմբերի 16-ի ԱԺ արտահերթ նստաշրջանի նիստում Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ փոփոխություններով նոր դատավորների թիվ ավելացնելու անհրաժեշտություն չի առաջանալու:
Նախագծով կարգավորվելու են նաև Վերաքննիչ դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վերաբերյալ կարգավորումները: Նախագծերի փաթեթը Պետաիրավական գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացավ պատգամավոր Արփի Դավոյանի ծավալուն առաջարկների հաշվառմամբ արդարադատության նախարարության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում:
Այսպես, նախագծերի փաթեթով կարևորագույն փոփոխություններից է նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը հաղթահարելու նպատակով Երևան քաղաքում ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների առանձնացումը:
Ներկայացված բոլոր առաջարկները և փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները միտված են ներկա իրավակարգավորումներն առավել հստակեցնելուն, օրենսդրական կարգավորումների որոշ բացեր լրացնելուն, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը և գործերը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքի ապահովմանը: