Կեղծ լիազորագրով «Էրեբունի» նոտարական տարածքում կատարվել է գործարք, որը ստացել է պետական գրանցում. հարուցվել է քրեական գործ

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Կարինե Մուրադյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Կարինե Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի հոկտեմբեր ամսին ոմն Վարդանից 4000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել հանգուցյալ ծնողների և քրոջ անունից ընկերոջը` Վիգեն Գալոյանին տրված կեղծ լիազորագիրը, որը օգտագործելով «Էրեբունի» նոտարական տարածքի նոտարական գրասենյակում 2011 թվականի հոկտեմբերի 31-ին կնքվել է նվիրատվության պայմանագիր իր և Վիգեն Գալոյանի միջև և այն ներկայացնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանում` գրանցել է իր միանձնյա սեփականության իրավունքը, համասեփականության իրավունքով իրեն, որդուն և քրոջը` Սիրուհի Մուրադյանին պատկանող բնակարանի նկատմամբ, որով խաբեությամբ տիրացել է բնակարանի 6.506.250 ՀՀ դրամ արժեքով Սիրուհի Մուրադյանին պատկանող բաժնեմասին:

Գործով մեղադրյալ Կարինե Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, ըստ որի`

Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով (325-րդ հոդվածի 1-ին մաս):

Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա (178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել