Բռնության պատճառների մեջ էական դեր են կատարում անգիտակցական, հոգեբանական երևույթները:
Ի՞նչն է անձին մղում բռնության:
Բռնության մղող հոգեբանական պատճառները տարբեր են. դրանցից կարելի է նշել, օրինակ, անձի չգիտակցված վախը մահվան հանդեպ, տագնապայնությունը, ֆրուստրացիան և այլն:
Որո՞նք են բռնությամբ կատարվող հանցագործությունները:
Թվարկենք դրանցից մի քանիսը` սպանություն, խոշտանգում, ծեծ, բռնաբարություն, կողոպուտ, շորթում և այլն:
«Ինչպես ակնհայտ երևում է, վերը նշված հանցագործությունների մի մասը շահադիտական են իրենց բնույթով(շորթում, կողոպուտ), իսկ մյուս մասը` ոչ»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավաբանի խոսքով` կրիմինալոգիայում նույնիսկ տարածված է այն տեսակետը, որ բռնությամբ կատարվող հանցագործությունները բաժանվում են երկու տեսակի`
· հանցագործություններ, որոնցում բռնությունը գործադրվում է որպես նպատակին հասնելու միջոց, օրինակ` շորթումը.
· հանցագործություններ, որոնցում բռնությունը գործադրվում է հանուն բռնության, այսինքն` հանցավորը բավարարվածություն է ստանում բռնության գործադրմամբ: Այս դեպքում հենց բռնության գործադրումն է հանցագործի նպատակը:
Պետք է նկատի ունենալ, որ անգամ բռնության մոտիվացիայով կատարվող հանցագործությունները շատ հաճախ այլ` ավելի խորը նպատակ են հետապնդում: Դրանք կարող են լինել անձի հոգեբանական, անգիտակցական պրոբլեմները լուծելու միջոց:
Ամերիկյան կրիմինոլոգները պարզել են, որ բռնաբարությունների մոտ 70 տոկոսն ագրեսիայի ակտ են, ոչ թե սեռական պահանջմունքի բավարարման միջոց: Ավազակությունների կամ շորթումների ժամանակ ոչ հազվադեպ տեղի ունեցող դաժան սպանությունները վկայում են այն մասին, որ դրանք նույնպես կարող են ագրեսիայի դրսևորում լինել: