Մեր բնակչության մեծ մասն օգտվում է ուղևորատար տրանսպորպային միջոցներից, իսկ արդյո ՞ք բոլորը տեղյակ են իրենց` որպես ուղևոր, ունեցած իրավունքներից:
Քաղաքացիների մեծ մասը պատրաստ է երթևեկել անհարմար և ոչ ապահով տրանսպորտային միջոցներով և մի բան էլ վճարել դրա դիմաց, ի դեպ գումարի չափը որևէ նշանակություն չունի, հարցն ավելի խորքային է և վերաբերում է մարդու կյանքին և արժանապատվությանը:
Շատերի մոտ հարց կարող է առաջանալ` ի՞նչ կապ ունի մարդու կյանքը: Պատասխանն ակնհայտ է. ներկայումս երթուղային և մարդատար տրանսպորտային միջոցները չեն բավարարում անվտանգության մինիմալ ստանդարտները, իսկ դրանց վարորդների մեծ մասը նախկին հանցագործներ են, թմրամոլներ և… այս շարքը կարելի է թվել անվերջ:
Մինչդեռ տրանսպորտային միջոցը պետք է ունենա սերտիֆիկատ և համապատասխանի անվտանգության, բժշկասանիտարական պահանջներին, աշխատանքի պաշտպանության նորմերին, բնապահպանական անվտանգության միջազգային և պետական ստանդարտներին, իսկ տրանսպորտային միջոցը վարելու իրավունք պետք է տրվի այն անձանց, ովքեր ունեն անհրաժեշտ որակավորում, անցել են բժշկական քննություն և ունեն սահմանված նմուշի հաստատված փաստաթուղթ։