Ի՞նչ է բեռնագիրը

Բեռի՝ տվյալ օդանավով փոխադրվող ցանկացած գույքի, բացառությամբ օդանավային պիտույքների և ուղեբեռի, փոխադրման նպատակով բեռ առաքողը լրացնում և փոխադրողին է հանձնում բեռի վերաբերյալ փաստաթուղթ՝ տրանսպորտային բեռնագիր:

Բեռնագրի բացակայությունը, սխալ լրացնելը կամ կորուստը չեն ազդում փոխադրման պայմանագրի վավերականության վրա:

Բեռնագիրը կազմվում է բեռ առաքողի կողմից առնվազն երեք օրինակից և հանձնվում է բեռի հետ:

Առաջին օրինակը կրում է «փոխադրողի համար» նշումը և ստորագրվում է բեռն առաքողի կողմից:
Երկրորդ օրինակը կրում է «բեռն առաքողի համար» նշումը և ստորագրվում է բեռն առաքողի ու փոխադրողի կողմից և ուղեկցում է բեռը:

Երրորդ օրինակն ստորագրվում է փոխադրողի կողմից և բեռն ընդունելուց հետո նրա կողմից հանձնվում է բեռն առաքողին:

Փոխադրողը ստորագրում է բեռնագիրը նախքան բեռի օդանավ բարձելը:

Եթե բեռն առաքողի պահանջով բեռնագիրը կազմել է փոխադրողը, ապա համարվում է, որ նա արել է այդ բանը բեռն առաքողի անունից, եթե հակառակը չի ապացուցված:

Եթե փոխադրումն ընդգրկում է մեկից ավելի տեղերով բեռներ, ապա փոխադրողը կարող է պահանջել բեռն առաքողից կազմելու առանձին բեռնագրեր:

Օդային բեռնագիրը կամ բեռի անդորրագիրը պայմանագրի կնքման, բեռի ընդունման և դրանում նշված փոխադրման պայմանների բավարար (prima facie) ապացույց է:

Բեռի քաշի, չափսերի և փաթեթավորման, ինչպես նաև բեռնատեղերի թվի վերաբերյալ օդային բեռնագրում կամ բեռի անդորրագրում նշված ցանկացած տեղեկություն արձանագրված փաստերի բավարար (prima facie) ապացույց է. բեռի քանակի, ծավալի և վիճակի վերաբերյալ տեղեկությունները ապացույց չեն ծառայում փոխադրողի դեմ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օդային բեռնագրում կամ բեռի անդորրագրում նշվել կամ նշվում է, որ նրա կողմից կատարվել է դրանց ստուգում առաքողի ներկայությամբ, կամ երբ դրանք առնչվում են բեռի արտաքին վիճակին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել