Ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը՝ վերահսկելու Լաչինի միջանցքը, ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը»:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ դե ֆակտո՝ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։
«Ես կարող եմ հակառակն ասել՝ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնում են։ Գործողություններ ձեռնարկվում են, աշխատանք տարվում է։ Նրանց, ովքեր չգիտեն, կամ ովքեր հիմնվում են քաղաքական հայտարարությունների վրա, ուզում եմ հիշեցնել, որ մինչ այս բազմիցս սրացումներ եղել են, եղել են խնդիրներ, կողմերն իրար մեղադրել են, և հենց ռուսաստանցի խաղաղապահներն են արել ամեն բան իրավիճակը կայունացնելու համար, և դա նրանց մոտ ստացվել է։ Այնպես որ, մեր խաղաղապահների հանդեպ նման վերաբերմունքը չի ընդունվում», – ասել է Զախարովան։
Այս թեմային է անդրադարձել նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հայտարարել է, որ ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարգուկանոն և խաղաղություն ապահովեն այն տարածքներում, որտեղ աշխատում են։
«Նրանք գործում են կողմերի միջև ստորագրված փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան։ Անշուշտ, մենք մեր հայաստանցի գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք այս թեմայի քննարկումը», – ասել է Պեսկովը։
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև․ «Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և մասնավորապես՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»: